Գլխավոր Վերլուծություն Զբոսաշրջային անվտանգությունը՝ օրակարգային հարց

Զբոսաշրջային անվտանգությունը՝ օրակարգային հարց

3028
Տարածել

Նոր կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ներգնա տուրիզմի կտրուկ աճը որքան էլ դրական միտում ունի, սակայն անվտանգության առումով մի շարք խնդիրներ է ստեղծել։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք «անվտանգության ուղեկցողի» ինստիտուտին,զբոսաշրջային ռիսկերին, ոլորտը կարգավորող օրենքի թերություններին,ինֆորմացիոն կենտրոնների բացակայությանը եւ այլ հարցերի։ Հենց երեկ՝ օգոստոսի 20-ին, Ապարանի հրշեջ-փրկարարներն ահազանգի հետքով հայտնաբերել են Արագած լեռան տարածքում դժվարին կացության մեջ հայտնված 14-հոգանոց արշավախմբին։ 

Ներկայումս արկածային տուրիզմի ակտիվ զարգացմանը զուգընթաց՝ ավելացել են վտանգները, ինչի մասին խոսել ենք Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն  Դանիելյանի հետ։

Նրա խոսքով՝ վերջին տասը տարվա ընթացքում արկածային տուրիզմը՝ ժայռամագլցում, լեռնամագլցում, սառցամագլցում, ռաֆթինգ, դայվինգ,  պարաշյուտային եւ պարապլանային սպորտ, զիփլայն եւ այլն, մեծ հետաքրքրություն ունի։ Մի կողմից հայ երիտասարդները, մյուսից՝ օտարերկրյա զբոսաշրջիկները, ցանկանում են Հայաստանը բացահայտել էքստրեմալ տեսանկյունից։ Ամեն տարի արձանագրվել է օտարազգի հյուրերի 10-15 տոկոս կայուն աճ։

Տուրերի ժամանակ տարբեր ահազանգերի եւ պատահարների վիճակագրությունն առիթ դարձավ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ մի շարք զբոսաշրջային ընկերությունների միջեւ նոր համագործակցության, որի շրջանակում քննարկվել է արշավական խմբերի պարտադիր գրանցման հարցը մինչեւ երթուղի դուրս գալը։

«Սա աշխարհում տարածված պրակտիկա է։ Օրինակ՝ 2004 թվականից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում գործում է «Զբոսաշրջային խմբերի գրանցում» բաժինը, ի դեպ՝ միջոցառումից  10 օր առաջ։ Մենք եւս մշակել ենք 10 հարցից բաղկացած ձեւաչափ, որը պետք է լրացնի արշավային խմբի ղեկավարը։ Հարցերը վերաբերում են երթուղու երկարությանն ու բարդությանը, ղեկավարի մասնագիտական գիտելիքներին, մասնակիցների քանակին, խմբում  բժշկի,  փրկարարի, պրոֆեսիոնալ ուղեկցորդի,  փրկարարական գույքի առկայությանը, կոնտակտային տվյալներին եւ այլն։ Որոշվել է, որ խմբերի գրանցումը կիրականացվի 3-5 օր առաջ, կախված տուրի տեսակից՝  ոլորտին տեղյակ մասնագետները մեկ օրվա ընթացքում կքննարկեն հայտը։ Թույլատրելու դեպքում ԱԻՆ-ը արշավի մասին կտեղեկացնի մարզային փրկարարներին։ Զբոսաշրջության պետական կոմիտեի գլխավորությամբ՝ գրանցումը կդառնա պարտադիր, եւ երաշխիք կունենանք, որ անվտանգությունը հնարավորինս ապահովված է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ցավոք, նոր կորոնավիրուսը ստիպեց գերատեսչական ռեսուրսներն ուղղել այլ կանխարգելիչ միջոցառումների, եւ հարցն առժամանակ փակվեց։

Սուրեն Դանիելյանի հաղորդմամբ՝  ներկայումս լեռնային տուրիզմով զբաղվող  հիմնական  10-15 պրոֆեսիոնալ ընկերությունների կողքին ավելացել են եւս 30-ը, որոնց մեծ մասը նախկինում մշակութային տուրեր էր կազմակերպում, իսկ մյուսները բոլորովին նորեկ են։  Առաջիկա հանգստյան օրերին տարբեր  ուղղություններով տասնյակ արշավներ կան,  որոնց անվտանգ ընթացքը հնարավոր չէ ամբողջովին վերահսկել։ Ֆեդերացիայի նախագահը մտաբերեց օրեր առաջ Գողթանիկ գյուղի ջրվեժում խեղդված երիտասարդի մահվան դեպքը, որի առիթով սկսվել է վարույթ։ Եթե խմբերը գրանցվեն, եւ ընդունված կանոնակարգով մասնակիցները պարտավորվեն հետեւել ուղեկցորդի հրահանգներին, նման դեպքեր չեն կրկնվի։

Գրանցումը թույլ կտա նաեւ զարգացնել զբոսաշրջային ապահովագրությունը եւ զուր չվատնել պետական միջոցները, ինչպես եղավ նախորդ տարի «Աղվերան» լեռնային հանգստավայրում ֆրանսիացի լեռնագնացի դժբախտ պատահարի ժամանակ,  երբ նախարարությունը բավական գումար ծախսեց որոնողափրկարարական աշխատանքներում մասնավոր ուղղաթիռ ներգրավելու համար։

Սուրեն Դանիելյանի խոսքով՝ իր հերթին Զբոսաշրջության պետական կոմիտեն մինչ կորոնավիրուսի համավարակն առաջարկ էր ներկայացրել ստեղծել զբոսաշրջային ոստիկանություն, որը տեղում ստուգելու է գրանցման փաստաթղթի առկայությունը։

Առաջիկա զարգացումներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ