Գլխավոր Վերլուծություն Զբոսաշրջության անվտանգության խնդիրները՝ Հայաստանում

Զբոսաշրջության անվտանգության խնդիրները՝ Հայաստանում

1212
Տարածել

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Հայաստանում զբոսաշրջության անվտանգության վերաբերյալ օրենսդրական թերություններին։ Այսօր շրջանառվող «Զբոսաշրջության մասին» օրենքի նոր նախագծում նույնիսկ հիշատակում չկա զբոսաշրջության անվտանգության մասին։ Սակայն դրա անհրաժեշտությունը կա։

2018 թվականին հրապարակված «Խաղաղության համաշխարհային ինդեքսում» 163 երկրների ցանկում Հայաստանը 120-րդ տեղում է, Word Economic Forum միջազգային անկախ կազմակերպության տվյալներով՝ 5-րդը Մեծ Բրիտանիայից ավելի անվտանգ 15 երկրների շարքում։ Սակայն հուլիսին Սյունիքի մարզում օտարազգի զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը ցույց տվեց, որ ոլորտում անելիքներ դեռ կան:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի զբոսաշրջության անվտանգության դասախոս Կարապետ Սարաֆյանի հետ զրուցել ենք Հայաստանում զբոսաշրջային անվտանգությանը սպառնացող վտանգներից։

Հյուրընկալման, հասարակական սննդի օբյեկտների, զբոսավայրերի, զվարճանքի վայրերի եւ լողափերի, տրանսպորտային փոխադրումների անվտանգությունը զբոսաշրջության կարեւոր բաղադրիչներից են։ Ժամանակին մարդու անվտանգության՝ որպես բազային պահանջմունքի մասին իր պահանջմունքների բուրգում նշել է նաեւ ամերիկյան հոգեբան Աբրահամ Մասլոուն։

Կարապետ Սարաֆյանն առանձնացնում է հատկապես էքստրեմալ տուրիզմը, որը մեծ թափով զարգանում է մեր երկրում։ Լեռնագնացությամբ, ժայռամագլմամբ, կիրճագնացությամբ զբաղվող մասնագետները նախեւառաջ պետք է հաշվարկեն տեղանքի երկրաբանական ռիսկերը, բնակլիմայական պայմանները, քարաթափի, գետնանցի վտանգները։ Նույնիսկ մշակութային երթուղու ժամանակ կարող է արտակարգ իրավիճակ ստեղծվել, ինչպես նախորդ տարի Եգիպտոսում, երբ փակ լողավազանի փլուզման հետեւանքով տասնյակ զբոսաշրջիկներ զոհվեցին։

Զբոսավարների անփորձությունը կարող է պատուհաս դառնալ ճամփորդների համար։ Հայաստանում առնվազն երկու դեպք է գրանցվել, երբ երթուղուց անգիտակ ուղեկցորդը եղանակային պայմանների փոփոխության պատճառով չի կարողացել ապահովել խմբի տունդարձը։ Երբեմն մեղավոր են լինում հենց իրենք՝ զբոսաշրջիկները, որոնք կորցնում են ընկերների հետքը։ Քիչ չեն նաեւ արկածախնդիրները, որոնք միայնակ են արշավում՝ առանց տեղանքին ծանոթ լինելու։

Անվտանգության ոչ պակաս կարեւոր դրույթ է զբոսաշրջիկի գույքի պահպանությունը, որի պատասխանատուն նրա հանգիստը սպասարկող կազմակերպությունն է։ «Բոլորս հիշում ենք տարիներ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած գողության դեպքը։ Անհայտ անձինք մտել էին ամերիկահայ զբոսաշրջիկների սենյակ եւ ուժի կիրառմամբ կողոպտել նրանց։ Դեպքն այդպես էլ չբացահայտվեց, քանի որ հյուրանոցը տեսագրման համակարգ չուներ։ Գրանցող սարքեր, անվտանգության աշխատակից ունենալը նվազագույն պահանջ է, որ պետք է ապահովեն հյուրընկալման օբյեկտները»,- նշում է Կարապետ Սարաֆյանը։

Հաջորդ վտանգը խաբեության զոհ դառնալն է։ Գողության մեծաթիվ դեպքեր են գրանցվում հատկապես աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Լոռու մարզում։ Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը նաեւ բարձրաձայնում են անբարեխիղճ տաքսիստների մասին, որոնք քաղաքով պտտվելու կամ օդանավակայանից մոտակա հյուրանոց հասնելու համար երբեմն իրական հաշվից եռակի ավելի գումար են պահանջում։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետն առաջարկում է օգտվել միայն տաքսի ծառայություն մատուցող գործակալություններից, իսկ խուլիգանության հետ առնչվելու դեպքում զանգահարել 911 հեռախոսահամարով։

Զբոսաշրջիկներին տեղանքում կողմնորոշելու, տեսարժան վայրերի, կապի եւ տրանսպորտի միջոցների մասին տեղեկություն հաղորդելու համար բոլոր երկրներում գործում են ինֆորմացիոն կենտրոններ։ Ցավոք, այսօր դրանք միայն Երեւանում են եւ չեն կարող լիարժեք տեղեկություն տալ մարզեր ուղեւորվողներին։ Մասնագետը վերհիշում է՝ խորհրդային Հայաստանի 44 քաղաքում զբոսաշրջային կենտրոններ կային, որոնց աշխատակիցները տիրապետում էին իրենց տարածքի մասին ողջ ինֆորմացիային, զբոսաշրջիկներին զգուշացնում անհատական պաշտպանիչ միջոցների, լապտերների եւ այլ անհրաժեշտ իրերի մասին՝ ելնելով այցի վայրի առանձնահատկություններից։ Լիներ ցրտաշունչ ձմեռ թե ճառագայթային բարձր ֆոն՝ արտակարգ իրավիճակի դեպքում նրանք առաջին օգնության ձեռք մեկնողն էին։ Ինֆորմացիոն կենտրոններին այսօր փոքրիշատե փոխարինում են հյուրանոցների ադմինիստրատիվ աշխատակիցները, որոնք, սակայն, առաջարկում են միայն իրենց գործընկեր սննդի օբյեկտների, տաքսի ծառություն մատուցող գործակալների հեռախոսահամարները՝ չկարեւորելով քաղաքի մշակութային անցուդարձը։ Այնինչ գաղտնիք չէ, որ երկիրն իր մշակույթով են ճանաչում։

Ճանապարհների վիճակը զբոսաշրջության կայացման մյուս գործոնն է։ Ավտովթարների վիճակագրությունը վկայում է, որ մենք տրանսպորտային ոլորտում երեք խնդիր ունենք՝ տեխնիկական միջոցների եւ ճանապարհների, հատկապես՝ միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակը, վարորդների մասնագիտական հմտությունների պակասը։ Այս տարի ապրիլին, քաղաքական իրավիճակից ելնելով, բնակիչները փակել էին միջպետական ճանապարհները, ինչի արդյունքում շատ զբոսաշրջիկներ տուժեցին․ ոմանք օդանավից ուշացան, երկար արգելափակման հետեւանքով գրանցվեցին ինքնազգացողության վատացման դեպքեր։ Կարապետ Սարաֆյանը կարծում է, որ նման իրադարձություններին չպետք է զբոսաշրջիկներին ներգրավել․ սա սոցիալական իրավիճակ է, որին զարգացած երկրներում խելամիտ լուծում է տրվում։

Տեսարժան վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները նույնպես խոչընդոտ կարող են լինել։ Գառնու տաճար-Գեղարդավանք, Խոր Վիրապ համալիր եւ Նորավանք տանող երթուղիները, որոնք ամենաշատ այցերն են ապահովում, ամենաաղտոտված տարածքներն են։ Կարապետ Սարաֆյանը ճշմարիտ չէ համարում այն կարծիքը, որ տեղացիներն ավելի շատ են թափոններ նետում․ «Ավստրիայի ձմեռային հանգստավայրերում 270 ճոպանուղի է գործում։ Ամռանը՝ ձյան հալոցքից հետո, աշխատակիցները տոննաներով աղբ են հավաքում գետնից։ Նույնիսկ Բրյուսելում ժամերի տարբերությամբ կարելի է այնպիսի աղբակույտի հանդիպել, որ երբեք Երեւանում չես տեսնի»։

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում զբոսաշրջիկն իրեն կարող է անվտանգ զգալ, քանի որ բացակայում է ահաբեկչությունը, մասնավորապես՝ կրոնական նկատառումներով, չկան էթնիկ խնդիրներ։ Որոշակի չափով վտանգված են միայն ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ