Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները ծաղկեփնջերը իջեցրել են պարսպից

Փրկարարները ծաղկեփնջերը իջեցրել են պարսպից

2345
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 469 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 146 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 25 կեղծ կանչ:

Փրկարարները 116 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափյակ, Դավիթաշեն, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում,  Լոռու մարզում:

Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 25 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 15 դեպքում: Արգելափակված 14 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 30 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի, Խոսրովի արգելանոց, Բյուրականի անտառի հանգստյան գոտիների մոտակայք եւ այլն:

Այլ կանչեր. Կանանց աջակցման կենտրոնի աշխա­տակիցն ահազանգել է, որ կենտրոնի պարսպից կասկածելի 2 ծաղ­կեկփունջ են կախել: Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները ծաղկեփնջերը իջեցրել են պարսպից:

Աշտարակի հրշեջ-փրկարարները դուրս են բերել  Բագավան թաղամասում փոսն ընկած խոշոր եղջերավոր անասունին: Նման ահազանգ է ստացվել նաեւ Խուբան թաղամասի բնակչից, եւ Աբովյանի հրշեջ-փրկարարները «Արզնի Շամիրամ» ջրանցքից դուրս են բերել մոտ 250 կգ կշռող  կենդանուն։

Ապարանի հրշեջ-փրկարարները զբոսավայրերում պատահարի մասին երկու ահազանգի են արձագանքել։ Մի դեպքում 14-հոգանոց արշավախումբը, որը բարձրացել էր Արագած լեռը, երկու մասի էր բաժանվել․ 5-ը հայտնաբերվել են Քարե լճի մոտակայքում, 9-ը՝ լեռան հարավային եւ արեւելյան գագաթների արանքում։ Արշավականներից մեկը վնասել էր ոտքը։ Բոլորը փրկարարական մեքենայով իջեցվել են Արագածից։ Երկրորդ դեպքը գրանցվել էր Թթուջուր գյուղի հարակից անտառում․ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր ընդհուպ մինչեւ ուշագնացություն։ Հրշեջ-փրկարարները մոտ 500 մետր ոտքով հասել են նշված տարածքին, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն, պատգարակով մոտ 800 մ իջեցրել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կնոջ առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Շաբաթվա ընթացքում ստացվել է զինամթերքի մասին երկու ահազանգ։ «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի սակրավոր­ներն ականազերծման աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4 հատ 122մմ եւ 1 հատ 100մմ արկեր, 2 հատ 60 մմ արկի հատվածներ, 1 հատ պայթուցիչ եւ այլ արկերի մնացորդներ։  Դեպքի վայրում եղել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները։ Երկու ական է հայտնաբերվել նաեւ Սիսիան քաղաքի շենքերից մեկի հարեւանությամբ գտնվող զորամասում։ Դեպքի վայրում եղել են փրկարարներ եւ ոստիկաններ։