Գլխավոր Վերլուծություն Նոր ձեւաչափով ուսուցողական դասընթացներ՝ Գեղարքունիքի մարզում

Նոր ձեւաչափով ուսուցողական դասընթացներ՝ Գեղարքունիքի մարզում

318
Տարածել

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը մարտից սկսել է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված նոր նախաձեռնություն։ Մարզի տարբեր համայնքներում անցկացվելու են դասընթացներ՝  արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաեւ կոնկրետ տվյալ համայնքին բնորոշ վտանգների վերաբերյալ։

Նախապես ձեւավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ներկայացուցիչներ շահագրգիռ կառույցներից՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, Գեղարքունիքի մարզպետարան, համայնքների վարչական անձնակազմ։ Խմբի անդամ են նաեւ համայնքի ակտիվ բնակիչները, որոնք ստացված գիտելիքը փոխանցելու են մյուսներին։ Նախաձեռնությանն աջակցում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը։

Վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ դասընթացներն անցկացվելու են դպրոցներում։ Ներկա են լինելու ուսուցչական անձնակազմը, բարձր դասարանի աշակերտներ եւ բնակիչներ։

«Մեր նպատակն է, որ համայնքն ինքը վերհանի իր խնդիրներն ու գտնի լուծումներ։ Մի տեղ թաքստոցի խնդիր կա, մյուսում՝ քարաթափման, սելավի կամ ազդարարման համակարգի։  Մենք ներկայացնում ենք կանխարգելիչ միջոցառումները եւ բացատրում, թե ինչքան կարեւոր է ամեն քաղաքացու ներդրումն այս գործում։ Պետք չէ ամբողջ բեռը թողնել միայն պետության վրա։ Բաներ կան՝ ինքներս կարող ենք շատ հեշտությամբ գլուխ բերել, օրինակ՝ պարզագույն թաքստոց կառուցելը»,- մանրամասնեց փրկարարը։

Մարտի 12-ին առաջին դասընթացն անցկացվել է Ծաղկաշեն բնակավայրում։ Տեսական մասում փրկարարները խոսել են քաղպաշտպանության հիմնահարցերի եւ պլանավորման, պաշտպանական կառույցների տարբերությունների,  անհատական պաշտպանական միջոցների, ինչպես նաեւ Ծաղկաշենին բնորոշ վտանգների՝ քարաթափման, սելավի, ձնաբուքի եւ խոտածածկույթի հրդեհների մասին։

Գնդապետը նկատեց՝ դպրոցականնների հետաքրքրությունը մեծ է, նրանք կարող ենք կապող եւ ուսուցանող օղակ դառնալ մյուս բնակիչների համար։

Տեսական մասին հաջորդել է ազդարարման շչակի փորձարկում եւ տարհանման վարժանք։

Գարեգին Հակոբյանը կարեւորեց «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը մարզում աղետների ռիսկի նվազեցման գործում։ Նախորդ տարի համատեղ ուժերով կյանքի է կոչվել «Կարմիր Գլխարկի արկածները» ուսուցողական ներկայացումը, որն արդեն սկսել է իր հյուրախաղերը Գեղարքունիքի մարզում եւ շուտով նաեւ կցուցադրվի մյուս մարզերում։ Կառուցվել են պարզագույն թաստոցներ, վերանորոգվել են դպրոցների պաշտպանական կառույցներ։ Տարվա ընթացքում հիմնադրամը նախատեսում է կրակմարիչներ տրամադրել մարզի մի շարք ուսումնական հաստատությունների։

«Այս տարի խնդիր ենք դրել ամրապնդել թիկունքային ապահովումը։ 44-օրյա պատերազմից հետո մեր թիրախը  սահմանամերձ համայնքներն էին, բայց բոլորս գիտենք, որ թիկունքից շատ բան է կախված։ Արդեն ընտրել ենք դպրոց, որն անհրաժեշտության դեպքում զբաղվելու է մարդասիրական օգնության հաշվառմամբ, պահեստավորմամբ եւ բաշխմամբ։ Այդ ամենն անելու են դպրոցի անձնակազմից ընտրված կամավորները»,- ասաց փրկարարը։

Անվտանգության թեմայով դասընթացները կշարունակվեն ամբողջ տարի։ Վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ամեն քաղաքացի հասկանա քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հարցում իր դերը, ունենա հստակ գիտելիք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գարեգին Հակոբյանը