Գլխավոր Վերլուծություն Շուտով Գեղարքունիքը կունենա ազդարարման կենտրոնացված համակարգ

Շուտով Գեղարքունիքը կունենա ազդարարման կենտրոնացված համակարգ

401
Տարածել

44-օրյա պատերազմից հետո ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ համայնքները։ Պատերազմից հետո դրանց թիվն ավելացել է։

Վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեւորգ Գալստյանի խոսքով՝ վարչության աշխատակազմը դեռ պատերազմի օրերին կարողացել է արագ ինքնակազմակերպվել, մարզպետի որոշմամբ՝ ձեւավորվել է քաղաքացիական պաշտպանության շտաբ, որը զբաղվել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատանքի ու զեկույցների համակարգմամբ, նյութատեխնիկական ապահովմամբ, դեպի Արցախ մարդասիրական օգնության եւ սննդի փաթեթների տեղափոխմամբ։

Պատերազմից հետո առաջին պլան է եկել բնակչության ուսուցումը՝ ավելի մեծ մասշտաբով եւ տարբեր ձեւաչափերով։ Մարզպետի որոշմամբ՝ դասընթացների եւ գործնական վարժանքների ժամանակ փրկարարներին այսուհետ ուղեկցում է մարզի լավագույն բժիշկներից մեկը, որը խորացված ներկայացնում է տարբեր արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ առաջին օգնությունը։

Փրկարար ծառայության առաջարկով ձեւավորված աշխատանքային խումբը պարբերաբար այցելում է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրում տվյալ համայնքին բնորոշ վտանգները, նախաձեռնում քննարկումներ համայնքի ղեկավարության եւ դպրոցի ողջ անձնակազմի հետ։ Խոսելով հակառակորդի նշանառության տակ գտնող արոտավայրերի մասին՝ Գեւորգ Գալստյանը նշում է՝ հենց պատերազմի շրջանում միտումավոր հրահրված հրդեհի դեպքեր են ունեցել Վարդենիսի տարածաշրջանում։ Ինչ արած, զգոնությունը չպետք է կորցնել եւ անձնակազմի անվտանգությունն ապահովելով՝ պետք է կատարել փրկարարի առջեւ դրված առաջադրանքը։

Բացի դրանից՝ մշտապես ուսումնասիրվում է մարզում առկա պաշտպանական կառույցների վիճակը։ Մարզպետարանը եւ փրկարարական վարչությունը նաեւ հարթակ են սահմանամերձ համայնքների եւ տարբեր դոնոր կազմակերպությունների միջեւ կապ հաստատելու համար։

Հետաքրքիր է՝ ինչպես են կրթության եւ ուսուցման հարցին մոտենում դպրոցականները։ «Երեխաները քաջ գիտակցում են, որ իրավիճակ է փոխվել, երբեմն այնպիսի հարցեր են նրանց հուզում, որ միայն մեծահասակից կարելի է լսել։ Այս պահին մեր խնդիրներից մեկը մարզում ազդարարումը 100 տոկոսի հասցնելն է։ Տարբեր կազմակերպությունների եւ համայնքի ֆինանսավորմամբ նոր շչակներով վերազինում է ընթանում, մենք էլ փորձարկում եւ ստուգում ենք դրանց աշխատանքը»,- մանրամասնում է վարչության պետը։ Շուտով մարզը կունենա ազդարարման կենտրոնացված համակարգ՝ մարզային փրկարարական վարչության կառավարմամբ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է վարչությունը