Գլխավոր Ուսուցողական նյութեր «Կլիմայական արկղիկ»․ բովանդակալից տեղեկություն՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ

«Կլիմայական արկղիկ»․ բովանդակալից տեղեկություն՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ

3102
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գրադարանը համալրվել է նոր ժողովածուով՝ «Կլիմայական արկղիկով»։

Մշակումն իրականացվել է «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական եւ իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԿԻ Զարգացման ծրագրերի Խնամառու հիմադրամը, համաֆինանսավորել ՄԱԶԾ ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

«Կլիմայական արկղիկն» ուսումնական նյութերի հավաքածու է՝ նվիրված կլիմայի փոփոխություն թեմային: Կազմված է «Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկից՝ ինտերակտիվ եւ անհատական առաջադրանքներով, ուսուցիչների համար մեթոդական ուղեցույցից, վիկտորինայի քարտերից, բնության եւ մարդու վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը պատկերող քարտեզից, «Կլիմայի փոփոխությունը․ ինչպես նվազեցնել ածխածնային հետքը» եւ «Ինչպես հարմարվել կլիմայի փոփոխություններին» խորագրով պաստառներից։ Նախատեսված է 2-12-րդ դասարանի աշակերտների եւ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Կարող է օգտագործվել նաեւ տարբեր առարկաների ուսումնական պլանում որոշ թեմաների ինտեգրման, արտադասարանական լրացուցիչ կրթության դասընթացներ կազմակերպելու համար եւ այլն։ Ձեռնարկում, բացի գլոբալ բնապահպանական խնդիրներից, մեծ տեղ է հատկացված Հայաստանի բնությանն ու բնապահպանական խնդիրներին վերաբերող նյութերին։

ՃԿՊԱ առաջին օգնության դասախոս, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի «Կլիմայական արկղիկ» ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանի խոսքով՝ ժողովածուն կարող է օգտակար լինել նաեւ ուսանողների համար, քանի որ այն շատ պարզ ու գիտականորեն հիմնավորված բովանդակություն ունի։ Առանձին գլուխ վերաբերում է կլիմայի փոփոխության մեղմման հարցերին, այսինքն՝ հարմարվողականությունը, աղետների ռիսկի կառավարմանը, ինչն արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության տիրույթում է։

«Ի սկզբանե ծրագրի ֆինանսավորումը չհերիքեց Հայաստանի բոլոր դպրոցներին գոնե մեկ «Կլիմայական արկղիկ» հատկացնելու համար։ Տպագրվել է 1000 օրինակ, որոնցից 900-ը բաժանվել է դպրոցներին։ Նախապատվությունը տրվել է այն ուսումնական հաստատություններին, որոնց ուսուցիչներն անցել են վերապատրաստում։ Ծրագրի մեկնարկից՝ 2018 թվականից մինչ օրս վերապատրաստվել է մոտ 650 մանկավարժ։ Գործում է նաեւ «Կլիմայական արկղիկ» ֆեյսբուքյան հարթակը, որտեղ ուսուցիչները կիսում են դասավանդման իրենց փորձը, տեղադրում քուիզներ եւ այլն»,-մանրամասնեց ՄԱԶԾ ներկայացուցիչը։

Մեկ այլ ծրագրի շրջանակում «Կլիմայական արկղիկին» կից հրատարակվել է նաեւ «Էներգախնայողություն, էներգաարդյունավետություն» ձեռնարկը, որն Արմինե Պողոսյանի կարծիքով, որպես օժանդակ գրականություն՝ բավական հետաքրքիր է եւ կարող է կիրառվել կյանքի տարբեր բնագավառներում։ Թեմաներն են «Էներգիայի աղբյուրները», «Քամու էներգիայի օգտագործումը», «Արեգակը՝ որպես էներգիայի առաջնային աղբյուր», «Էներգիայի չվերականգնվող աղբյուրներ», «Էներգախնայողությունը տրասպորտում» եւ այլն։

Առաջիկայում կանցկացվի «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով մրցույթ երեք անվանակարգերով՝ տարրական, միջին եւ ավագ դասարանի աշակերտների համար։ Մանրամասները՝ «Կլիմայական արկղիկի» ֆեյսբուքյան խմբում։

Հայերեն ձեռնարկը հասանելի է հետեւյալ հղումով։

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ