Գլխավոր Միջոցառումներ Ճգնաժամային հաղորդակցության թեմայով վերապատրաստում PPRD East3 ծրագրի շրջանակում

Ճգնաժամային հաղորդակցության թեմայով վերապատրաստում PPRD East3 ծրագրի շրջանակում

732
Տարածել

Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում»` PPRD East ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) երրորդ փուլի շրջանակում (PPRD East3) փետրվարի 5-6-ը Երեւանում կայացավ երկօրյա աշխատաժողով՝ նվիրված ճգնաժամային հաղորդակցությանն ու հանրային իրազեկմանը։ Նպատակն էր վերհանել ճգնաժամից առաջ, ընթացքում եւ հետո հաղորդակցության խնդիրներն ու բացերը, Հայաստանի, Շվեդիայի եւ Վրաստանի ունեցած փորձի հիման վրա ստեղծել հիմք՝ ճգնաժամային իրավիճակներում բազմաշահառու հաղորդակցության ապահովման համար։

Բանախոսեցին ճգնաժամային հաղորդակցության փորձագետներ Ժոզեֆին Բարկը, Յոհաննա Ռիքսերը (երկուսն էլ՝ Շվեդիա) եւ Թամար Կամկամիձեն (Վրաստան)։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ՝ ռազմավարական պլանավորման, միջազգային համագործակցության, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչություններ, փրկարար ծառայություն, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ այլն։

«Երբ խոսում ենք ճգնաժամի մասին, հասկանում ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլեւ երկրի արժեքների պահպանությանը։ Շվեդիայում վերջին 200 տարում պատերազմ չի եղել, բայց այսօր մեր երկրի ազգային անվտանգության առաջին խնդիրը զինված հանցախմբերն են: Մենք հասկացանք, որ ոստիկանությունը մենակ այս ամենի դեմ պայքարել չի կարող։ Խնդիրը համակարգված մոտեցում է պահանջում՝ բոլոր գերատեսչությունների ներառմամբ»,- նշեց Ժոզեֆին Բարկը։

Նրա խոսքով, այդուհանդերձ, Շվեդիայի կառավարությունն իր ռազմավարության մեջ մի կարեւոր բան հաշվի չէր առել՝ ներքին արժեքային ճգնաժամը․ բնակչությունը չի վստահում սեփական իշխանություններին։ Յոհաննա Ռիքսերը մտաբերեց երկու օրինակ՝ հասարակության շրջանում հեղինակություն վայելող արքայադուստր Դիանայի մահվան դեպքը, որից նույնիսկ օրեր անց Միացյալ թագավորության թագավորական ընտանիքը հանդես չէր գալիս որեւէ ցավակցական խոսքով: Կամ 2004 թվականին Ինդոնեզիայում 200 000-ից ավելի մարդու կյանք խլած ցունամին, որից հետո կառավարության պարտավորությունն իր ուսերին վերցրեց մի գործարար կին՝ բացելով զոհվածների ընտանիքների ու տուժածների աջակցության խումբ։ Մասնագետը վստահ է՝ ճգնաժամային իրավիճակում թիվ մեկ գործոնը կարեկցանքն է։ Ահա թե որտեղից է գալիս անվստահությունը։

Բնակչության հետ հաղորդակցությունը եւ ինֆորմացիայի տրամադրումը պետք է լինի արագ, լիարժեք, թափանցիկ, հավաստի, պարզ ու հասկանալի լեզվով։ Պատասխանատուները պետք է ուսումնասիրեն մարդկանց կարիքները․ շատ դեպքերում հենց բնակչության գործողություններն են որոշում՝ ինչպես կզարգանա ճգնաժամը եւ ինչ հետեւանքներ կունենա։ Օրինակ՝ փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակում մարդը շատ հաճախ տեքստ կարդալու ընդունակ չի լինում, ուրեմն պետք է փոխել կոնտենտի մատուցման ձեւաչափը՝ ընդգրկելով բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակները, սոցցանցերը, լսարան ունեցող մարդկանց։ Վերջնական նպատակը պետք է լինի այն, որ թիրախային խումբը ստանա հստակ ինֆորմացիա, զգա իրավիճակի ողջ լրջությունն ու գործի՝ ըստ պատասխանատու անձանց հրահանգների։

Խոսվեց նաեւ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) վերջին՝ Klara, färdiga («Կազմ, պատրաստ») արշավի մասին, որի թիրախային լսարանը 16 տարեկան պատանիներն են։ Ծրագրի շրջանակում այդ տարիքի հարյուրավոր երեխաներ ընդգրկվել են բնակչության պաշտպանության տարբեր միջոցառումների, պատրաստել տեղեկատվական հոլովակներ արտակարգ իրավիճակների մասին, ինչպիսիք են գնացքի վթարը, ջրի պակասը համայնքում, կիբերհարձակումները եւ այլն։

Մշակվել են հատուկ կայք, հավելված, ուղեցույց, աուդիովիզուալ նյութեր, փոդքաստեր, որոնք ներկայացնում են երեխաների քննարկումները Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) մասնագետի հետ եւ ձեռք բերած փորձառությունը։ Այս ամբողջ փաթեթը տրամադրվել է նաեւ մասնակիցների ծնողներին։ Մասնագետների խոսքով՝ արշավի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ գրանցվել է վարքագծային փոփոխություն, կամավորության մակարդակը բարձրացել է։ 2023 թվականի տվյալներով՝ Շվեդիայում կա 16 տարեկանը լրացած 122 000 պատանի, ինչը մեծ ներուժ է երկրի համար։

Անդրադարձ եղավ նաեւ սոցցանցերով հանրային իրազեկմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին։ Ժոզեֆին Բարկը նշեց՝ հաղորդակցությունն այս հարթակներում պետք է լինի մշտական։ Օրինակ՝ 2021 թվականի աշնանը, երբ Շվեդիայի սոցիալական պաշտպանության համակարգը ենթարկվեց հարձակման, սկսեցին տարածվել լուրեր, որ Շվեդիայի կառավարությունը մահմեդական երեխաներին առանձնացնում է իրենց ընտանիքներից՝ տարբեր ծրագրերում ընդգրկելու համար։ «Գերատեսչական մակարդակով ռազմավարության մշակեցինք, պատասխանում էինք բոլոր տեսակի նամակներին, տրամադրում էինք փաստեր՝ ապատեղեկատվությունը հերքելու համար, ներգրավել էինք տարբեր լրատվամիջոցների։ Շատ ժամանակ պահանջվեց բնակչությանը բացատրելու համար, որ այդ լուրը կեղծ է։ Միշտ պետք է պատրաստ լինել, որ ձեզ կարող են թիրախավորել։ Պետք է ուսումնասիրել ոլորտը, ունենալ հակազդելու հստակ պլան։ Այսօր արհեստական բանականության միջոցով հնարավոր է ցանկացած տեղեկություն խեղաթյուրել»,- մտահոգություն հայտնեց հաղորդակցության փորձագետը։

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցությանը։ Ներկայացվեցին Շվեդիայի կառավարությանն առընթեր միասնական տեղեկատվական հարթակները՝ krisinformation.se եւ lilla․krisinformation.se: Յոհանա Ռիքսերի խոսքով՝ Շվեդիայում գործում է 341 պետական կառույց, եւ մարդիկ պարտավոր չեն իմանալ բոլորի գործառույթները։ Քաղաքացին կարող է ներբեռնել միասնական տեղեկատվական հարթակը, ուղղել իրեն հուզող հարցերը, ստանալ ամենաթարմ տեղեկությունը երկրում կատարվող իրադարձությունների մասին՝ ահաբեկչություն, արտակարգ դեպքեր, ինտերնետ անհասանելիություն, եղանակ եւ այլն, սովորել՝ ինչպես գործել տարբեր արտակարգ իրավիճակներում։ Այն հասանելի է երկու լեզվով՝ շվեդերեն ու անգլերեն։

lilla․krisinformation.se կայքը նախագծված է հատուկ երեխաների համար, բովանդակության վրա աշխատում է լրագրողների եւ հոգեբանների ամբողջ թիմ, որոնք երեխային հասկանալի լեզվով բացատրում են՝ ինչ են ահաբեկչությունն ու պատերազմը, ինչ անել, եթե կորցրել ես ծնողներին եւ այլն։ Կայքը հարմարեցված է նաեւ տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Միասնական տեղեկատվական հարթակների ինֆորմացիան ակտիվ տարածվում է Facebook, Instagram, Twitter, Youtube եւ այլ կայքերով։

Թամար Կամկամիձեն խոսեց Ստեփանավան քաղաքում անտառային հրդեհների վերաբերյալ իրազեկվածության խնդիրների եւ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության մասին։ PPRD East 3 ծրագրի շրջանակում նախատեսվում է Կարմիր Խաչի կամավորների միջոցով հարցում կատարել Ստեփանավանի բնակչության 5 տոկոսի շրջանում՝ ավելի քան 1000 մարդ։ Լինելու են տնայցեր եւ զրույց ընտանիքի բոլոր անդամների հետ՝ ըստ տարիքի, սեռի եւ այլ չափանիշների։

Հարցումների միջոցով մարդկանց պատրաստվածության մասին տեղեկանալու փորձ կատարվել է Վրաստանի Բորժոմի ու Թելավի քաղաքներում։ «Շատ կարեւոր է տեղական մակարդակում իրազեկվածության բարձրացումը։ Սովորաբար մենք այս հարցն աչքաթող ենք անում, եւ միայն աղետի ժամանակ է պարզվում, որ պարզագույն գիտելիքի ու մարդկային ուժի պակաս կա։ Օրինակ՝ 2015 թվականին Թբիլիսի ջրհեղեղի ժամանակ լրագրողներն առանց հատուկ հանդերձանքի կանգնում էին հոսող ջրի մեջ եւ ռեպորտաժներ անում, տեղական իշխանություններն էլ էին աշխատում առանց անհատական պաշտպանության միջոցների՝ այն պարագայում, երբ բազմաթիվ վտանգներ կարող էին լինել՝ սկսած բաց հաղորդալարերից»,- վերհիշեց Թամար Կամկամիձեն։

Նա ասաց, որ Ստեփանավան քաղաքում անտառային հրդեհների մասին իրազեկվածության բարելավման հարցում ակնկալում է հայ մասնագետների օգնությունը։

Երկու օրվա ընթացքում հայկական կողմը խմբային բազմաթիվ քննարկումներ ունեցավ, ներկայացրեց ճգնաժամային հաղորդակցության ոլորտում իր ձեռքբերումները՝ դրոններով եւ կարճ հաղորդագրություններով (SMS) իրազեկում, քարտեզագրում եւ այլն, առկա տեսական ու պրակտիկ մոտեցումները՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջազգային ու տեղական վարժանքներ, խաղեր, թատերական ներկայացումներ եւ այլն, կառավարման տարբեր օղակների վերապատրաստման ծրագրեր, համայնքի ակտիվ երիտասարդների հետ շարունակական աշխատանքի արդյունքները եւ այլն։

«Մենք բոլորս մասնագետներ ենք, բայց խոստովանենք, որ հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, ամեն ինչից տեղյակ լինել։ Հայաստանը մեծ փորձ ունի, եւ լիահույս ենք, որ համատեղ ուժերով ճգնաժամային հաղորդակցության արդյունավետ համակարգ կստեղծենք: Ոչ ոք չի կարող ամեն ինչ անել, բայց ամեն ոք կարող է գոնե ինչ-որ բան անել»,- ամփոփեցին բանախոսները։

Մասնակիցներին տրվեցին վկայականներ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ