Գլխավոր Նորություններ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

782
Տարածել

Մարդկանց համար լեռներում ստեղծել անվտանգության համակարգ

Հայաստանում էքստրեմալ մարզաձևերի զարգացումը զգալիորեն ավելացրել է մարզիկների, զբոսաշրջիկների և ակտիվ հանգստի սիրահարների քանակն ու ավելացել է նաև անցանկալի դեպքերի ու դժբախտ պատահարների թիվը՝ վնասվածքներ, մահեր: «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի» ոչ պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում էքստրեմալ մարզաձևերով զբաղվելու ժամանակ վնասվածքներ են ստանում 22-32 մարդ:

Էքստրեմալ մարզաձևերի և տուրիզմի հետագա զարգացումը պահանջում է արտակարգ պատահարների պատճառների համակողմանի վերլուծություն: Լեռնային գոտում մարդու գործունեության անվտանգության ապահովումը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, բնակավայրերի մեծ մասը լեռնային գոտիներում են: Լեռնային մարզաձևերով զբաղվող մարզիկների պատրաստման ամենաարդիական խնդիրներից մեկը անվտանգության ապահովումն է (լեռնագնացներ, ժայռամագլցողներ, լեռնային տուրիստներ, քարանձավախույզներ, լեռնադահուկորդներ և այլն): Լեռներում մարդկանց և խմբերի անվտանգության ապահովման համակարգի կատարելագործմամբ մեր երկրում տարբեր տարիների զբաղվել են շատ մասնագետներ (Ա. Չատինյան, Ս. Հարությունյան Ս. Դանիելյան, Ս. Բիձյան): Այսօր, սակայն, դեռ լիարժեք չէ անվտանգության ապահովման համակարգի գիտամեթոդական հիմքը, ինչն այս հետազոտությունը դարձնում է արդիական: Անհրաժեշտ է ունենալ մասնագետներ, որոնք կապահովեն լեռներում մարդկանց և խմբերի անվտանգությունը, ստեղծել լեռներում աշխատող և այնտեղ ժամանակ անցկացնող մարդկանց համար անվտանգության համակարգ: Իսկ դրա համար անհրաժեշտ է.

  1. Բացահայտել էքստրեմալ իրավիճակներում արշավախմբերի անվտանգության ապահովման տեսական հիմնավորումները:
  2. Համակարգել լեռնային միջավայրի հետ կապ ունեցող մասնագետների և կազմակերպությունների տվյալները:
  3. Ստեղծել արդյունավետ օգնություն ապահովող մոդել արտակարգ իրավիճակներում:

Այս ուսումնասիրության ընթացքում մեր մասնագետները հետազոտել են լեռնային մարզաձևերով զբաղվող մարդկանց հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ներգրավված են եղել միջազգային արշավախմբերում և եղել Կովկասում (Կազբեկ, էլբրուս լեռնագագաթներ) և Իրանում (Դեմավենդ լեռնագագաթ): Այս փուլում մշակվել է միջնալեռում մարդկանց անվտանգ գործունեության մեթոդական մոտեցումների համակարգը:

Ինչպես ցույց են տալիս մեր հետազոտությունները, Եվրոպայում և Ամերիկայում գործող լեռնային միավորումներն ունեն մի շարք առանձնահատկություններ: Օրինակ, եվրոպական պետություններում լեռնագնացությամբ զբաղվող կազմակերպություններն աշխատում են համակարգված և արագ արձագանքում արտակարգ իրավիճակներին, ինչն զգալի նվազեցրել է դժբախտ դեպքերի քանակը:

ՀՀ-ում գործում է մոտ 15 կազմակերպություն, որոնք արշավներ են կազմակերպում Հայաստանի լեռներում: 2010-2015 թթ. ընթացքում մի շարք հանդիպումներ են կազմակերպվել բոլոր արշավային խմբերի և կազմակերպությունների հետ: Կազմակերպվել են մի շարք դասընթացներ և քննարկումներ անվտանգության թեմայով:

Գիտականորեն հաստատված է, որ մարդու անվտանգության ապահովման մանկավարժական համակարգի արդյունավետ մեխանիզմների ներդրումը նպաստում է լեռներում արտակարգ իրավիճակների նվազեցմանը:

«Անվտանգ լեռներ» գաղափարախոսությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայի համար կարևոր հարց է: Լեռներում անվտանգության ապահովման համակարգն ուժեղացնելու նպատակով հավաքագրվում և վերլուծվում են դժբախտ դեպքերը: Լեռնագնացության մեջ անվտանգության ապահովման մեխանիզմների ուսումնասիրման համար կիրառվում է համակարգված վերլուծություն, որն անհրաժեշտ է ոչ միայն լեռներում մարզիկների սխալների և դժբախտ պատահարների պատճառների բացահայտման, այլև ծայրահեղ իրավիճակներում մարդու վարքի գործնական հանձնարարականների մշակման համար:

Քանի որ նմանատիպ խմբերը մեծ ակտիվություն են ցուցաբերում համացանցում, հատկապես սոցիալական կայքերից Facebook-ում, ուստի այս կայքում ստեղծվել է խումբ, որտեղ բոլոր արշավականները և արկածային սպորտով զբաղվողները գրառումներ են կատարում իրենց միջոցառումների մասին, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս կարգավորել և գրանցել բոլոր հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու վարքականոնները և նմանատիպ իրավիճակներից դուրս գալու եղանակները: Նույն էջում անցկացնում են ուղիղ եթերով և տեսահոլովակային դասընթացներ, քննարկումներ, ինչն էլ թույլ է տալիս բարձրացնել լեռնային անվտանգության անհրաժեշտության և կարևորության գիտակցումը:

 

Հրապարակումը պատրաստվել է Լևոն Մովսիսյանի և Էդուարդ Սարգսյանի «Հայաստանում բարձրլեռնային շրջանների ծայրահեղ պայմաններում մարդու անվտանգության ապահովումը» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովին: