Գլխավոր Վերլուծություն Ջրհեղեղն ու փոթորիկը՝ Այվազովսկու կտավներում

Ջրհեղեղն ու փոթորիկը՝ Այվազովսկու կտավներում

771
Տարածել

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում բազմաթիվ են բնական աղետներին եւ դրանց հետեւանքներին նվիրված աշխատանքները։ Սա ոչ միայն գեղագիտական կրթության, այլեւ հանրային իրազեկման միջոց է, թե ինչ արհավիրքներ կարող են լինել, եւ թե որքան անզոր է մարդը բնության դեմ։

Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի համադրող Հայկուհի Սահակյանի հետ շրջեցինք սրահներով, որտեղ իրենց մշտական տեղն են գտել մեծանուն ծովանկարչի կտավները։

«Այվազովսկին անդրադարձել է մի քանի բնական երեւույթի։ Առաջինը ջրհեղեղն է՝ նրա հայտնի «Նոյն իջնում է Արարատից» կտավում։ Աստվածաշնչյան լեգենդի մոտիվներով՝ ծովանկարիչը ներկայացրել է, թե ինչպես է 40-օրյա ջրհեղեղից հետո Նոյը որդիների հետ ոտք դնում ցամաքին։ Կտավն ամբողջովին լցված է լույսով ու լավատեսությամբ, ինչն Այվազովսկու ձեռագրի անբաժան մասն է»,- նշում է մասնագետը։

Հետաքրքրական է, թե ինչպես է 1889 թվականին ստեղծված այս արժեքավոր կտավն ի վերջո հանգրվանել պատկերասրահում։ Պարզվում է, որ Այվազովսկին այն նվիրել է Նոր Նախիջեւանի հայկական արական գիմնազիային։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նկարիչ Մարտիրոս Սարյանը հայտնաբերել է կտավը գիմնազիայի դռան մուտքի մոտ եւ հասկանալով դրա արժեքը՝ տեղափոխել Հայաստան։ Այսօր այս գլուխգործոցը պատկերասրահի հարստությունն է։ Ընդհանուր առմամբ՝ քաոսը, քաոսից լույսի ծնունդը, աշխարհի արարումն այն գոյաբանական հարցերն են, որ միշտ հուզել են ծովին սիրահարված արվեստագետին։

Պատկերասրահի մի ամբողջ սրահ նվիրված է փոթորկի թեմային։ Այվազովսկին կարողանում է անկրկնելի վարպետությամբ պատկերել ալեկոծությունն ու նավաբեկությունը՝ անընդհատ շեշտելով մարդու ու բնության տարերքի բախումը։ Հայկուհի Սահակյանը նկատում է՝ արհավիրքից փրկությունը միշտ ընդգծված է Այվազովսկու արվեստում։ Երբ թվում է, թե ալիքն ուր որ է շուռ կտա նավը, էությամբ հումանիստ ծովանկարիչը փոխում է սյուժետային գիծը, օրինակ, մահվանն առերեսված նավի անձնակազմը հեռվում ցամաք է նկատում կամ ուրիշներն արձագանքում են նրանց օգնության կանչին։

Ուշադրության է արժանի նաեւ փոթորկի պատճառով նավաբեկության թեմայով «Քրիստափոր Կոլումբոս» կտավը, որում ծովանկարիչը պատկերել է իտալացի ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսին ու նրա անձնակազմին, որոնք փրկվում են՝ կառչելով ջարդված նավի գերաններից։

Թերեւս քչերին է հայտնի, որ Այվազովսկին անձամբ է փրկվել ծովային փոթորկից 1844 թվականին, երբ Անգլիայից ուղեւորվում էր Իսպանիա։ Բիսկայան ծոցում նավաբեկության հետեւանքով նավի անձնակազմն ու ուղեւորները կյանքի ու մահվան կռիվ են տալիս։ Ֆրանսիական մամուլը սկսում է լուրեր տարածել, որ Այվազովսկին մահացել է։ Բարեբախտաբար նա ափ է դուրս գալիս Լիսաբոնում եւ հասնում Իսպանիա։ Հետագայում այս դեպքը հիշելիս ծովանկարիչը պատմում է, որ նույնիսկ այդ վտանգավոր պահին չի վախեցել դուրս գալ տախտակամած ու դիտել այդ հզոր փոթորիկը, իսկ տպավորությունները հետագայում նրան օգնել են ստեղծել իր ամենահայտնի «9-րդ ալիք» կտավը։

Նկատում եմ՝ ավերիչ փոթորկի թեման նույնն է, բայց սյուժեները՝ տարբեր․ ծովանկարիչը կարծես ամեն անգամ նորովի է մեկնաբանում այս բնական երեւույթն ու հիանում դրանով։ «Այվազովսկին ասում էր, որ բնության տարերքն ամեն պահ փոփոխվում է։ Նա այն եզակի նկարիչներից էր, որ չէր նկարում բացօթյա։ Կանգնում էր ծովափին, երկար դիտում տեսարանը, ապա բացառիկ հիշողության շնորհիվ իր արվեստանոցում ստեղծում հանճարեղ կտավներ»,- նշում է Հայկուհի Սահակյանը։

Այսօր բազմաթիվ ծովանկարիչներ կրում են Այվազովսկու ազդեցությունը, բայց նա շարունակում է մնալ միակը, ով կարողանում էր զգալ անհանգիստ ծովի ուրվագծերը՝ ալիք առ ալիք:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաեւ ծովանկարչի ստեղծած եզակի փոքր չափի աշխատանքներ՝ բրոշի տեսքով եւ ծովաքարի նկարազարդմամբ, դրվագներ նրա ճամփորդությունից դեպի Նիագարա ջրվեժ, Վենետիկի Մխիթարյան միաբանություն եւ այլն։

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կայքէջից
Գլխավոր լուսանկարը՝ հեղինակի