Գլխավոր Վերլուծություն Ինտեգրման ծրագիր արցախցիների համար

Ինտեգրման ծրագիր արցախցիների համար

1746
Տարածել

Հոկտեմբերի վերջից «Լոռէ» փրկարար ջոկատը սկսել է նոր ծրագիր, Acted Armenia կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրն Արցախից տեղահանված հայերի համար է, ֆինանսավորում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ծրագրի նպատակն է առաջիկա 3 ամսվա ընթացքում, «Լոռէ» փրկարար ջոկատի առաջնակարգ հրահանգիչների, հրավիրված մասնագետների, ՃԿՊԱ ուսանողների, Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի կամավորների, Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանների միջոցով օժանդակել արցախցիների ինտեգրմանը, տարբեր ոլորտներում անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ծրագիրը մի քանի բաղադրիչ է ներառում՝ հոգեբանական խորհրդատվություն 3 տարիքային մակարդակում՝ մեծահասակներ, ծնողներ եւ երեխաներ, ճանաչողական էքսկուրսիաներ եւ արշավներ՝ դպրոցահասակ երեխաների համար, ինտելեկտուալ խաղեր, ֆիլմերի դիտում, վարվելակերպի եւ հիգիենայի ուսուցում՝ երեխաների համար, ամանորյա տոնական միջոցառումներ: «Լոռէ» փրկարար ջոկատն իր մասով կազմակերպելու է դասընթացներ եւ գործնական պարապմունքներ՝ առաջին օգնություն, կյանքի հմտություններ, արտակարգ իրավիճակների եւ պատահարների դեպքում վարքականոն, այցելություն պարանային այգի, թիմբիլդինգ եւ այլն:

ՃԿՊԱ շրջանավարտ, ակադեմիայի «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության օրենսդրություն» եւ «Առաջին օգնություն» առարկաների դասախոս Արինա Առաքելյանն արդեն երկրորդ պարապմունքն է անցկացրել արցախցի երեխաների հետ՝ արյունահոսության, անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու եւ նրան տեղափոխելու թեմաներով: «13-18 տարեկան երեխաներ էին, ոմանք բավական պատրաստված էին, քանի որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում դասընթացների էին մասնակցել: Շատ հետաքրքրված էին, հարցեր էին տալիս: Նման դասընթաց նախատեսվում է նաեւ ծնողների համար՝ երեխաների առօրյա անվտանգության պահպանման թեմայով»,- հավելեց Արինան:

Մանրամասներին դեռ կադրադառնանք:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արինա Առաքելյանը