Գլխավոր Վերլուծություն «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ»․ մի ներկայացման պատմություն

«ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ»․ մի ներկայացման պատմություն

1124
Տարածել

2019 թվականից Աբովյանի դրամատիկական թատրոնի խաղացանկում է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոպիեսը՝ նվիրված 911 ծառայության օպերատորներին։ Հերթական ներկայացումը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ին։ 911 ծառայության օպերատորի առեղծվածային պատմության, հյուրախաղերի եւ առաջիկա պլանների մասին խոսել ենք դերասանուհի Լիանա Ավետիսյանի հետ։

-Լիանա՛, այս ընթացքում ներկայացումը սյուժետային փոփոխություններ կրե՞լ է։

— Թեեւ սա մոնոներկայացում է, հերոսուհու խաղն ամբողջացնում են մյուս դերասանների ձայները, ինչի վրա էլ կառուցվում է սյուժեն։ Այս ներկայացումը սպեցիֆիկ է հենց ձայնագրությունների առումով, քանի որ տեխնիկապես իմպրովիզ անել հնարավոր չէ։ Չորս տարվա մեջ զարգացել է դերասանի ներաշխարհը, նա ինքն իրեն ավելի լավ է հասկանում, ավելի լավ է ինքն իր հետ հարաբերվում։ Սա ինչ-որ առումով հոգեբանական թրիլեր է, իսկ այս ժանրը կարողանում է հանդիսատեսին ստիպել շունչը պահած նայել բեմին։

-Մոնոներկայացման խաղի դժվարությունները շա՞տ են։

-Պատասխանատու գործ է․ երբ ներկայացման մեջ երկու կամ ավելի դերակատար կա, պատասխանատվությունը կիսվում է, ճանապարհն անցնում եք միասին։ Իսկ մոնոներկայացման դեպքում դու բեմում մենակ ես։ Բացի տեխնիկական դժվարություններից՝ տեքստը մոռանալ, միզանսցենը շփոթել եւ այլն, միայն դու՛ ես «մեղավոր» ներկայացման լավ կամ վատ լինելու մեջ։ Մի խնդիր էլ կա՝ սխալվելու իրավունք չունես։

-Այս ներկայացմամբ հյուրախաղեր ունեցե՞լ ես։ Ի՞նչ արձագանք էր։

-2019-ին ԱՐՄՄՈՆՈ թատերական փառատոնի շրջանակում խաղացել եմ Իջեւանում, Դիլիջանում եւ Նոյեմբերյանում։ Երեք տեղում էլ շատ լավ ընդունեցին։ Նախ՝ սյուժեն ու թեման հետաքրքիր են, հետո մարդիկ պատկերացում չունեին, թե ինչ պայմաններում են աշխատում 911 ծառայության աշխատակիցները, որոնց մենք լսում ենք միայն հեռախոսից այն կողմ։

-Ժանրային առումով սա եւ՛ դրամա է, եւ՛ թրիլեր։ Սովորաբար մարդիկ ավելի թեթեւ ներկայացումներ են նախընտրում՝ կատակերգություն, տրագիկոմեդիա։ Դիտումից հետո ծանր տպավորություն չի՞ մնում։

-Իհարկե, այն ծանր է նույնիսկ ինձ համար, ու ամեն անգամ նույն զգացումն է, չնայած քանիցս խաղացել եմ այս դերը։ Ցանկացած ողբերգության բեմադրիչ մի չգրված օրենք գիտի՝ հումորը։ Այստեղ հումորային երկխոսություններ կան, եւ սկզբում դահլիճում սովորաբար ծիծաղի ալիք է նկատվում։ Հետո, երբ բացահայտվում է բուն թեման, քար լռություն է տիրում։ Կարծում եմ՝ սա հենց վկայում է այն մասին, որ ասելիքդ տեղ է հասել։

-Ներկայացմանը փրկարար ծառայողներ ներկա եղե՞լ են։

— Փրկարար հանդիսատես ունեցել եմ Աբովյանի դրամատիկական թատրոնում։ Մի զավեշտալի դեպք եմ հիշում՝ հյուրախաղերի հետ կապված։ Դահլիճը դպրոցի չորրորդ հարկում էր, եւ այնպես ստացվեց, որ փրկարարի հագուստով մի պահ շրջում էի հարկերով։ Բոլորը խառնվեցին, սկսեցին իրար ականջի փսփսալ, թե ինչ գործ ունեմ այստեղ, ինչ է պատահել։ Մի պահ ինձ իսկական փրկարար զգացի (ծիծաղում է, հեղ․):

-Լիանա՛, հերոսդ քեզ վրա ի՞նչ ազդեցություն է թողել։ Սովորաբար հե՞շտ ես «բաժանվում» քո կերպարներից։

-Դերասանի գործը չի սկսվում վարագույրի բացվելով։ Եթե այդ օրը ներկայացում ունես, առավոտյան արթնանում ես հերոսիդ հետ, հերոսիդ կերպարով գնում թատրոն, նույնիսկ մարդկանց ես բարեւում՝ նրա խառնվածքի համաձայն։ Անհնար է, որ քո կերպարը քեզ ոչինչ չտա։ Հաճախ եմ մտածել՝ ի՞նչ կանեի, եթե ես իրականում լինեի իմ հերոսուհու փոխարեն։ Հարց, որի պատասխանը մինչ օրս չունեմ։ Հետո, երբ կերպարդ հեռանում է քեզնից, մնում ես ինքդ քեզ հետ մինչեւ հաջորդ ներկայացումը։ Նույն զգացողությունն է մանկական ներկայացումների դեպքում․ եթե ես, օրինակ, կկվի դեր եմ խաղում, կարող եմ կկվի ձայնով երգել ու շպարվել հարդասենյակում։ Դերասանն ամեն օր մեկին է խաղում։ Բայց պիտի կարողանաս հերոսներիդ հանել միջիցդ ու ապրել քո սեփական կյանքով։

-Արտերկրում հյուրախաղ ունեցել ե՞ս։

-Դեռ ոչ։ Եթե լինի հնարավորություն, մեծ սիրով հանդես կգամ։ Մյուս կողմից հասկանում եմ, որ դա իրատեսական չէ։

Այսօր թատերական փառատոններում դերասանները խաղում են բնագիր լեզվով, իսկ էկրանին հանդիսատեսը կարդում է օտարալեզու ենթագրերը։ Սա արդարեցված է մի քանի դերասանով ներկայացման դեպքում, բայց ոչ՝ այս մոնոներկայացման։

Որքան էլ իմ եւ մյուս «անտեսանելի» հերոսների դերասանական խաղն անթերի լինի, այս ներկայացման մեխը տեքստն է։ Մեկ ժամ անդադար տեքստ կարդալով՝ օտարալեզու հանդիսատեսը պարզապես կձանձրանա եւ չի հասցնի լիովին ընկալել պատմությունը։

-Դետեկտիվ ժանրում նմանատիպ դերեր մարմնավորե՞լ ես։

— Ռեժիսոր Պարույր Ներսիսյանի «Պտտախաղ» ֆիլմում դատապաշտպան եմ խաղացել։ Սիրով կմարմնավորեի ոստիկանի կամ քննիչի․ ոլորտն ինձ շատ հոգեհարազատ է։

-Եղե՞լ է, որ ինքդ դիմես փրկարարների օգնությանը։

-Այո՛։ Շատ ծիծաղելի դեպք է։ Քույրս աշխատում է կինոյի ոլորտում, իսկ դա նշանակում է ունենալ գերմանական ճշտապահություն։ Նա կարող է ժամադրությունից ուշանալ, բայց աշխատանքից՝ երբեք (ծիծաղում է, հեղ․):

Մի օր ինձ հետ կապվում է նրա կոլեգաներից մեկն ու ասում, որ քրոջս գտնել չի կարողանում։ Գնացի նրա տուն․ մեքենան բակում էր, բայց դուռը բացող չկար։ Արդեն վատագույն սցենարներն էի պատկերացնում՝ գազից թունավորում, առեւանգում։ Զանգեցի 911, ինձ հանգստացրին ու ասացին, որ բրիգադը շուտով կգա։ Անզորությունից լաց էի լինում, հանկարծ քույրս բացեց դուռն ու զայրացավ, թե ինչ է պատահել։ Կյանքում առաջին անգամ քնած էր մնացել եւ ուշացել աշխատանքից։ Կրկին կապվեցի 911 օպերատորի հետ, ներողություն խնդրեցի անհանգստացնելու համար, նա էլ ինձ հետ ուրախացավ ու բրիգադին հետ կանչեց։ Այդ հոգատարությունը երբեք չեմ մոռանա։

-Լիանա՛, թատերական ակտիվ գործունեություն ունես նաեւ Հայաստանից դուրս։ Պատմի՛ր վերջին հաջողություններիդ ու ընթացիկ պրոյեկտներիդ մասին։

-Մի շարք փառատոնների ենք մասնակցել Աբովյանի դրամատիկական թատրոնի անձնակազմով։ Վերջինը Բելառուսի Բրեստ քաղաքում էր, որտեղ խաղացինք Չեխովի «Հիվանդասենյակ N 6» ներկայացումը։ Փետրվարին պատրաստվում ենք Իրան մեկնել՝ FADJR միջազգային փառատոնին։

Արդեն 8 տարի համագործակցում ենք Իտալիայի «Տերեպիա» ֆիգուրայի թատրոնի հետ եւ տարեկան երկու անգամ ներկայացում բեմադրում թե՛ Հայաստանում, թե՛ Իտալիայում։

Վերջերս հայ դերասանների խմբով Իսպանիայի Կորտես դե լա Ֆրոնտերա համայնքում էինք։ Այնքան լավ եմ հիշում՝ սեպտեմբերի ռազմական գործողությունների օրերն էին։ Ներկայացման մի հատվածում իմպրովիզացիոն մոնոլոգ կար, եւ ես ինքնաբուխ սկսեցի խոսել պատերազմի ու խաղաղության մասին, ու թե ինչպես այս մեծ աշխարհը, չնայած տեխնոլոգիական բարձունքներին, դեռ մարդու կյանքն արժեւորելու գիտակցությանը չի հասել։ Կարծես ինքս ինձ հետ մենախոսություն լիներ։ Դա յուրահատուկ կանգառ էր՝ ունեցածս վերարժեւորելու համար։

Ընթացիկ պրոյեկտներից կնշեմ օտար լեզուներից տարբեր գրական գործերի եւ երգերի թարգմանությունը։ Հատկապես սիրում եմ երգերը, քանի որ դրանք ռիթմ, տակտ ունեն եւ մաթեմատիկական բանաձեւերով են թարգմանվում։ Այս պահին նաեւ վիդեոխաղ հնչյունավորելու առաջարկ ունեմ։

-Կա՞ դեր կամ դերեր, որ երազում ես խաղալ։

-Երկու կերպար կար, որոնց բախտ ունեցա մարմնավորելու՝ Պիտեր Շաֆերի «Էքվուս» հոգեբանական թրիլերում՝ Ջիլին եւ «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայում՝ Մարիամ Մագդաղենացուն։

Ընդհանրապես ես հիանում եմ մյուզիքլներով։ Դրանցից ամենասիրելին Փարիզի Աստվածամոր տաճարն է։ Շատ կցանկանայի Էսմերալդային խաղալ։ Ճիշտ է՝ այդ դերի համար հզոր վոկալ է պետք, բայց պատրաստ եմ անդադար աշխատել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ