Գլխավոր Վերլուծություն Վերապատրաստում Ռուսաստանում. Հայ փրկարարները 3-րդ կարգի լեռնագնացի որակավորում են ստացել

Վերապատրաստում Ռուսաստանում. Հայ փրկարարները 3-րդ կարգի լեռնագնացի որակավորում են ստացել

861
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» (ՌՀՄԱԿ) 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունիսի 4-26-ը Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի հանրապետության Վլադիկավկազ քաղաքի «Ցեյ» ուսումնամարզական կենտրոնում անցկացվեց «Նախնական լեռնային պատրաստություն՝ ներառյալ լեռնագնացության 3-րդ կարգ» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էր 12 հայ փրկարար ծառայող՝ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Սերգեյ Սեխլեյանը, Մասիսի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արշավիր Հակոբյանը, Գեղարքունիքի ՄՓՎ Գավառի ՀՓՋ-ի օղակի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Ռուբեն Գալստյանը, Սեւանի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հրանտ Կարապետյանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի տեխնիկ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Սարգիս Մարգարյանը, Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 1 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Վաչագան Պետրոսյանը, Գյումրու թիվ 2 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Սեւակ Թումասյանը, Սյունիքի ՄՓՎ Սիսիանի ՀՓՋ-ի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Արայիկ Բարխուդարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի օղակի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Բակուր Մանուկյանը, Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Արսեն Ամիրյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջեւանի ՀՓՋ-ի օղակի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ շարքային Վախթանգ Եգանյանը եւ նույն ջոկատի օղակի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Խուդավերդյանը։

Խմբի ղեկավար Սերգեյ Սեխլեյանը նշում է՝ դասընթացի հիմնական շեշտը դրվել է գործնական պարապմունքների վրա։ Տեսական մասում ուսումնասիրել են ալպինիստական հանգույցները եւ քննարկել մասնագիտական ֆիլմեր։ Որպես նորություն՝ նա առանձնացրեց ալպինիզմի մեջ անփոխարինելի ֆրանսիական կապը, որը հեշտ կիրառելի է եւ հուսալի։ Գույքային եւ մյուս հարցերում հայ փրկարարներն ամեն ինչից լավատեղյակ են եղել։ Հաղթահարել են 4 վերելք։ Կլիմային հարմարեցման նպատակով սկսել են պարզ երթուղուց։ Առավելագույն արդյունքը եղել է 3300 մետրից ավելին։

«Լեռան ստորոտին եւ գագաթին կլիման տարբեր էր․ ճանապարհին թե՛ անձրեւ, թե՛ ձյուն, թե՛ սառույց, թե՛ ծաղկած բնություն ենք տեսել։ Ուսումնական կենտրոնից դուրս էինք գալիս լուսադեմին՝ ժամը երեքին, որ հասցնեինք մինչեւ տեղումների սկսելը վերադառնալ»,- հիշում է փրկարարն ու ժպիտով հավելում՝ արդեն անգիր գիտեին անձրեւի ժամը՝ 14։05։

Մինչեւ վերելքը կիլոմետրերով ճանապարհ են հաղթահարել։ Պատահել է՝ մանր խճաքարերի վրա սայթաքել են ու վնասվածք ստացել։ Բայց մագլցելիս ընկերոջ անվտանգությունն ապահովելու հարցում զգույշ են եղել։ Ռուս հրահանգիչները տեղումների պատճառով որոշել էին լեռներում վրանային ճամբար չդնել։ Այդ ընթացքում Վլադիկավկազ քաղաքում նույնիսկ սելավ էր գրանցվել, որը քաղաքին մեծ վնաս էր հասցրել։

Սերգեյ Սեխլեյանին հատկապես տպավորել են Վլադիկավկազի անտառների մաքրությունն ու պահպանությունը։ Տարածքում իրավունք չունես նույնիսկ ծառի մեկ ճյուղ պատահաբար կոտրել, էլ չասած՝ ծխախոտ օգտագործելու մասին։ Փրկարարը կատակում է՝ այս դասընթացի մի շարք դրական կողմերից մեկը հենց դա էր՝ առողջ ապրելակերպը։

Ուսումնական կենտրոնի անձնակազմը հայ մասնագետներին շատ է սիրել, թե՛ գիշերակացի, թե՛ սնունդի պայմաններով կենտրոնը տանը չի զիջել։ Պարապմունքներից ազատ օրերին շրջել են քաղաքով։ Վերադարձել են ջերմ տպավորություններով, 3-րդ կարգի լեռնագնացի որակավորման հավաստագրով եւ մեդալով։

Խմբի ղեկավարն ասում է՝ լեռնագնաց լինելու համար մեծ համարձակություն է պետք։ Արդյունքում դու հասնում ես գագաթին՝ լրիվ այլ մարդ դարձած։ Առաջիկա նպատակն է արշավել Հայաստանի լեռներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները