Գլխավոր Միջոցառումներ Ջրափրկարարների վերապատրաստում՝ ՌՀՄԱԿ օգնությամբ

Ջրափրկարարների վերապատրաստում՝ ՌՀՄԱԿ օգնությամբ

448
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, մայիսի 15-27-ը Սեւանա թերակղզում վերապատրաստման դասընթաց են անցկացնում Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ծառայողների գործնական պատրաստության» ամբիոնի վարիչ, գնդապետ Ալեքսանդր Շիդլովսկին եւ դասախոս Սերգեյ Լեբեդեւը։ Դասընթացին մասնակցում է 10 փրկարար ծառայող ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական եւ փրկարար ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջրասուզական ջոկատներից։

Ալեքսանդր Շիդլովսկիի խոսքով՝ուսումնական ծրագիրը 72 ժամ է, ներառում է տեսական եւ գործնական պարապմունքներ։ Առաջին շաբաթում սովորելու են ջրի հետ աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պարանային տարբեր հանգույցներ, փրկօղակի ճիշտ նետում, առանց փրկարարական միջոցների ջրային տարածության հաղթահարում, տուժածի փրկում, տեղափոխում եւ խուճապի դեպքում նրա հետ աշխատելու անվտանգության կանոններ։ 31-ամյա փորձ ունեցող ռուս մասնագետը հատկապես առանձնացնում է տուժածի հետ կոնտակտի գնալը։ Եղել են դեպքեր, երբ ջրահեղձվողն այնպես է փրկարարին կառչել, որ միայն ափ դուրս գալուց հետո է հաջողվել նրան հանգստացնել։ Փրկարարը չպետք է պայքարի տուժածի դեմ, այլ պետք է սովորի շահել նրա վստահությունը եւ ստիպել նրան լողալ իր հետեւից։

Կլինեն գործնական դասեր՝ տարբեր սարքավորումների հետ աշխատանք, սուզում, արտակարգ իրավիճակների հաղթահարում եւ այլն։

«Աշխատելու ենք չոր հանդերձանքով, քանի որ ջուրը շատ սառն է։ Ընդհանուր առմամբ՝ դժվարություններ շատ կան․ Սեւանա լիճը բարձրադիր է, ինչը նշանակում է սուզման ժամանակ բոլորովին այլ պայմաններ, թթվածնի պակաս, որը հանգեցնում է շուտ հոգնածության։ Մյուս կողմից եղանակն անընդհատ փոփոխվում է, փորձում ենք հարմարվել։ Այս բոլորը նախապես հաշվարկել է պետք»,- նշում է Շիդլովսկին։

ՀՋՋ ջրասույզ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Հայկ Քոչարյանը կարեւորում է նման հանդիպումները։ 6 տարի համակարգում աշխատանքը ցույց է տվել, որ դեպքերը միշտ տարբեր են լինում, եւ պետք է անընդհատ կրթվել, ավելացնել հմտություններդ։ ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի ջրասուզակ, փ/ծ ենթասպա Հարություն Հարությունյանն էլ հավելում է՝ այս դասընթացը փորձի փոխանակման լավ միջոց է։ Ալպինիզմն ու ջրափրկարարությունը փոխկապակցված են, իսկ Հայաստանը լեռնային արագընթաց գետեր ունեցող երկիր է, եւ փրկարարական աշխատանքների 90 տոկոսի դեպքում պարանների անհրաժեշտություն է առաջանում։ Հենց մեկ շաբաթ առաջ մեքենա էր ընկել Ազատի ջրամբարը, Հարությունը սուզվել էր ու ամրակապել այն։ Հաջողվել էր փրկել վարորդի կյանքը։

Դասընթացը կավարտվի քննությամբ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ