Գլխավոր Միջոցառումներ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» ութ տարեկան է

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» ութ տարեկան է

197
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» ութ տարեկան է: 2015 թվականի մայիսի 19-ին, Մոսկվայում, Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրված արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքման, բնական աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, սկսվեցին ՌՀՄԱԿ ձեւավորման աշխատանքներն ու 2016 թվականի մարտի 18-ին կենտրոնը բացվեց: Տոնի առիթով ՌՀՄԱԿ էր այցելել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ղեկավար կազմը՝ ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։

Ներկաները շրջեցին տարածքում, ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ վարժահամալիրի եւ մոդուլային վարժահրապարակի շինարարությանը։

ՌՀՄԱԿ համատնօրեն Յուրի Պոլեշչուկը, ամփոփելով այս տարիների աշխատանքը, նշեց, որ 2015 թվականից երկու երկրների կառավարության մակարդակով հաստատվել է սերտ համագործակցություն։ Կենտրոնն ունի հստակ կարգավիճակ, ակտիվ աշխատում է «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության» հետ, 2022 թվականի նոյեմբերից ՔՊՄԿ Հարավային Կովկասի եւ Միջին Արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոնն է։

8 տարվա ընթացքում ՌՀՄԱԿ-ը մարդասիրական օգնություն ու սննդի փաթեթներ է ուղարկել Իրան եւ Սիրիա՝ 2019 թվականին Իրանում գրանցված ջրհեղեղի եւ 2023 թվականին Թուրքիայում եւ Սիրիայում գրանցված երկրաշարժի հետեւանքով տուժած համայնքներին։ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ ծրագրով մարդասիրական օգնություն է հատկացվել նաեւ Հայաստանի որոշ համայնքների։

«Մեր աշխատանքի մեծ մասը կապված է ուսուցման հետ։ Թե՛ մեր կենտրոնի հրահանգիչների, թե՛ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության առաջատար բուհերի մասնագետների օգնությամբ այստեղ վերապատրաստում ենք փրկարարական ոլորտի աշխատողների»,- մանրամասնեց Յուրի Պոլեշչուկը։

Այժմ ընթացքի մեջ է ՌՀՄԱԿ օգնությամբ իրականացվող վերապատրաստման 3 ծրագիր.

բարձրության վրա փրկարարական աշխատանքներ

կինոլոգների վերապատրաստում

ջրափրկարարական պատրաստություն

Համատնօրենը վստահ է՝ նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ վարժահամալիրը կօգնի թե՛ փրկարարներին, թե՛ հրշեջներին ավելի հմտանալ իրենց գործում։ Սա մեծ, հետաքրքիր նախագիծ է, որը մեկ աստիճանով կբարձրացնի կենտրոնի մակարդակը, կընդլայնի մասնագիտական պատրաստության մասշտաբը եւ կապեր կստեղծի Հայաստանի ու տարածաշրջանի մյուս պետությունների միջեւ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի