Գլխավոր Միջոցառումներ ՀՆՓԱԻԿ կինոլոգների վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ

ՀՆՓԱԻԿ կինոլոգների վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ

846
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, Ռուսաստանի փրկարարների միության Ստրավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարարներ Սերգեյ Պիվովարովը, Անդրեյ Տարխանովը եւ Իրինա Ֆեդոտկինան ողջ մայիս ամսվա ընթացքում վերապատրաստման դասընթաց են անցկացնելու Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) կինոլոգիական ջոկատի հետ։

Մայիսի 4-ին խումբն «Արզնի» առողջարանի չգործող մասնաշենքի տարածքում գործնական դասի էր։ Սերգեյ Պիվովարովի խոսքով՝ այս անգամ խորացված ուսուցանելու են տեխնածին փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների ընդհանուր տեխնիկան։ Արդեն կատարել են շների կարողությունների թեստավորում եւ համոզվել, որ վերջին այցից հետո, հայ կինոլոգները բավական աշխատանք են տարել կենդանիների հմտությունները պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ։ «Այս անգամ խնդիր ենք դրել բարդացնել վարժությունները, որ շները կարողանան աշխատել ցանկացած փլատակում եւ ոչնչից չվախենան»,- հավելեց Պիվովարովը։

Խոսելով ջոկատի ձեռք բերած երկու նոր՝ Մալինուա ցեղատեսակի շների մասին՝ Անդրեյ Տարխանովը նշեց, որ նրանց համար նախատեսված է սկզբնական պատրաստություն՝ զարգացնել խաղն ու սովորեցնել լսել հրահանգները։ Փրկարար շների փոխարինումը մշտական շրջափուլ է, եւ շատ կարեւոր է ի սկզբանե կենդանուն ճիշտ վարժեցնելը, քան հետագայում փորձել փոխել նրա վարքագիծը։ Այս նպատակով ռուս մասնագետներն ուղղորդելու են հայ կինոլոգներին՝ աշխատելու ոչ միայն իրենց կցված շների, այլեւ ցանկացած շան հետ։

«Շները նման են մարդկանց․ ամեն մեկն ունի իր խառնվածքը, բնավորությունը։ Մեկը դանդաղկոտ է, մյուսը՝ արագաշարժ, երրորդը՝ սթրեսակայուն, չորրորդը՝ վախկոտ։ Կինոլոգը վարժեցնում է փրկարար շանը մինչեւ նրա թոշակի անցնելը։ Պարբերական պարապմունքներն անհրաժեշտ են թե՛ կինոլոգին, թե՛ շանը։ Ճիշտ է՝ մեկ ամիսը բավարար չէ՝ մեծ արդյունքի հասնելու համար, սակայն հեռախոսակապի հնարավորություն միշտ կա, եւ մենք պատրաստ ենք խորհրդով օժանդակել մեր գործընկերներին»,- ասաց Տարխանովը։

ՀՆՓԱԻԿ հետախույզ-կինոլոգիական ջոկատի կինոլոգ, փ/ծ ենթասպա Հայկ Մնացականյանը 12 տարի համակարգում է։ Շների 2 սերդնափոխություն է տեսել։ Նրա խոսքով՝ շատ գովելի է տարբեր տեղանքներում պարապմունք անցկացնելը, քանի որ մի տեղանքին սովորելով՝ փրկարար շան աշխատանքի արդյունավետությունն ընկնում է։ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունը ցույց տվեց, որ մեր շները դեռ չունեն մահացած մարդու որոնման հմտություններ։ Ճիշտ է՝ շունը բնատուր հոտառություն ունի, եւ կինոլոգը նրա վարքագծից կարող է հասկանալ, որ ինչ-որ բան է գտել, սակայն, ի վերջո, կինոլոգիական դասընթացների նպատակներից մեկը շանը ճիշտ պահին հաչել սովորեցնելն է։ Առանց դրա կենդանու աշխատանքը հավասար է զրոյի՝ հատկապես մեծ աղետի գոտում։

Բացի դրանից՝ պարապմունքները պետք է հնարավորինս համապատասխանեցվեն իրական պայմանների, որպեսզի շունը դեպքի վայրում իրեն չկորցնի։ Այս օրերին մեր փրկարար շներն աշխատում են տարբեր եղանակներին եւ տարբեր ժամերի։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Էդգար Գալոյանը վերհիշեց, թե ինչպես էր մեր լավագույն շներից Ջեքն աչքի ընկել Թուրքիայում երկրաշարժից հետո որոնողական աշխատանքներում։ Մյուս երկրների կինոլոգների խնդրանքով՝ Ջեքը որոնում էր կատարել նրանց տեղամասում եւ գտել տուժածին։ Էդգարի խոսքով՝ իրենք պատկերացնել անգամ չէին կարող, որ մեր հովվաշունն առանց վախի կմտնի մութ խորշերը։ Համատեղ ուժերով դուրս են բերվել թե՛ տուժածներ, թե՛ զոհվածների դիեր։

Ջեքն արդեն 7,5 տարեկան է, նրան փոխարինելու է գալիս ձագը՝ Ռիչին, որը թե՛ լսողությամբ, թե՛ աշխատունակությամբ չի տարբերվում հորից։ Հրամանատարը ժպտում է՝ ժառանգականությունն իրեն անում է։

Կինոլոգ Նարեկ Թարվերդյանը նոր է ընդունվել աշխատանքի։ Ծրագրավորող է, սակայն մանկուց սիրել է շներին։ Ասում է՝ քիչ է պատահում, երբ քեզ հոգեհարազատ աշխատանք ես գտնում։ Լիահույս է, որ իր գիտելիքով պիտանի կլինի մարդկանց։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի