Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. Կինոլոգներ

Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. Կինոլոգներ

301
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը անցկացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի»՝ ՀՆՓԱԻԿ, կինոլոգիական ջոկատի փրկարարների վերապատրաստում: Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստրավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը եւ ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը: Ռուս մասնագետները կանցկացնեն որոնողափրկարարական շների վարժեցման տեսական ու գործնական դասընթացներ:
Սերգեյ Պիվովարովի խոսքով՝ հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը: Քայլ առ քայլ հասնելու են նրան, որ շներն ինքնուրույն կարողանան տարածքի հետախուզություն անել:
Շներին բաժանել են երկու խմբի. քիչ փորձառուներն առանցքային վարժեցում են անցնում, իսկ ավելի փորձառուներն արդեն իսկ աշխատում են իրական փլուզված գոտուն մոտ բարդ ռելիեֆային պայմաններում:
Դասընթացի ժամանակ եղել են անձրեւոտ օրեր: Ի պատասխան հարցին՝ արդյոք անձրեւային եղանակը չի խանգարում կենդանու հոտառությանը, ռուս մասնագետը կատակով նշում է, որ անձրեւը միայն մարդկանց է խանգարում: Անձրեւը հետքերն ավելի տեսանելի է դարձնում: «Վերջին վերապատրաստումից հետո բավական ժամանակ է անցել, ստիպված ենք նորից կրկնել նախկինում սովորածը: Քայլ առ քայլ բարդացնելու ենք վարժություններն ու դուրս գանք իրական որոնման»,- հավելում է Պիվովարովը:
Կոնստանտին Բոլտունսկիյը նշում է՝ դասընթացը հետաքրքրիր է նրանով, որ շներն առաջին անգամ սկսելու են աշխատել մահացածի որոնման ուղղությամբ: Մինչ այժմ մեր շները վարժեցվել են ողջ մարդ կամ տուժած գտնելու համար: Սակայն դի հայտնաբերելը ոչ պակաս կարեւոր է, քանի որ առաջանում են զոհված հարազատին գտնել-հուղարկավորելու, փաստաթղթերով նրան զոհված ճանաչելու եւ այլ հարցեր: «Մենք ոչ միայն սովորեցնում ենք հայ կինոլոգներին, այլեւ սովորում նրանցից: Աշխատելու մեծ ցանկություն ենք տեսնում թե՛ փրկարարների, թե՛ ղեկավարության կողմից, որն ամեն անհրաժեշտ բան տրամադրում է դասընթացների լավ արդյունքի համար»,- ասում է մասնագետը:
ՀՆՓԱԻԿ կինոլոգիական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Հովնան Բարսեղյանը նկատում է՝ վերապատրաստումները միշտ ցանկալի են եւ անհրաժեշտ: Խոսելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից՝ կինոլոգը վերհիշում է, որ փլուզման գոտում ծուխն ու կրակը ստիպում էին շներին ինքնապաշտպանական վարքագիծ դրսեւորել, եւ քանի որ հայտնի պատճառներով մարման ընթացքը երկարեց, արդեն այլ խնդիր առաջացավ՝ դի որոնելը, ինչի համար կենդանիները բավարար հմտություն չունեին: Նոր դասընթացը կօգնի նրանց կատարելագործվել եւ դառնալ իսկական փրկարար շուն:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի