Շոգ եղանակին սողունների հանդիպելիս պետք է հետևել ճիշտ վարքականոններին, քանի որ մարդիկ սովորաբար սարսափում են հենց միայն նրանց տեսքից ու հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։
Ըստ վիճակագրության՝ օձի խայթոցից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ՝ սարսափից։ Արագ կողմնորոշվելու և ճիշտ օգնություն ցույց տալ դեպքում վատագույնից խուսափել հնարավոր է։
Ի՞նչ անել
. Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։
. Հնարավորության դեպքում աշխատեք հիշել օձի տեսքը։
. Օձի խայթոցից հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
. Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
. Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։
. Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
. Թունավոր օձի խայթելու դեպքում ժամանակն ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է արագ ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին տվեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնությունը։
Ի՞նչ չանել
Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։
. Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
. Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք վնասված հատվածը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
. Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
. Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
. Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագացնում են արյան շրջանառությունը։
ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել
որպես մեծ վտանգ: