Գլխավոր Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

842
Տարածել

Երևանում կանցկացվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար մարմնի նիստ

Հունիսի 5-7-ը Ռուսաստանում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը՝ «Համալիր անվտանգություն-2017» անվտանգության ապահովման միջոցների միջազգային 10-րդ սրահի ցուցահանդեսին մասնակցելու, հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ֆինանսավորման, փրկարարական համատեղ ուժերի տեխնիկական հզորացման, ՀՀ ԱԻՆ-ի  կողմից «Ռոսկոսմոսի» տվյալների օգտագործման և այլ հարցերի քննարկման նպատակով:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները համագործակցության ակտիվացման հուշագիր են ստորագրել, որով կողմերը պարտավորվել են աջակցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, աղետներից բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակմանը, կանոնավոր կերպով անցկացնել հանդիպումներ արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության, կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցման ձևավորման բնագավառում փորձի փոխանակման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ: Վլադիմիր Պուչկով էլ համագործակցության հարցում իսկական պոռթկում է համարել Հայաստանում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը: Ռուսական կողմն արդեն կենտրոնին է տրամադրել փրկարարական գույք, պոմպեր, շարժական էլեկտրակայաններ, նավակներ: Մոտ ժամանակներս Երևանում կանցկացվի Կենտրոնի ղեկավար մարմնի նիստ, որտեղ կհաստատվի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2017-2018 հիմնական միջոցառումների ծրագիրը:

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հարթություններում կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման հնարավորությունը: ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգ՝ ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման համար, որը դեռ չի գործում: Քննարկվել է համակարգը գործարկելու հարցը: Դավիթ Տոնոյանն ու Յուրի Խաչատուրովը համակարծիք են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման գործը քննարկելու հարցում: