Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 373 կանչի են արձագանքել

Փրկարարները 373 կանչի են արձագանքել

95
Տարածել

2023 թվականի մայիսի 1-7-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 373 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 44 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 26 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 152 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Նոր նորք, Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Գեղարքունիքում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 17 կանչ է ստացվել: 7 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 25 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 29 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում Ապարան համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մշակույթային կենտրոնում ծագած հրդեհի դեպքում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները եւ տարհանման կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթունավտանգ օբյեկտում», «Բնակչության տարհանման կազմակերպումը» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: