Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ դասախոսը մասնակցել է փորձի փոխանակման միջազգային ծրագրի

ՃԿՊԱ դասախոսը մասնակցել է փորձի փոխանակման միջազգային ծրագրի

286
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Իմաստասիրության հիմունքներ», «Տրամաբանության հիմունքներ» եւ «Փիլիսոփայություն» առարկաների դասախոս Լեւոն Բաբաջանյանը վերջերս Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում մասնակցել է Erasmus + դասախոսությունների շարժունության ծրագրին։ Նա ներկայացրել է «Համացանցային էթիկա», «Կլիմայական էթիկա» թեմաներով դասախոսություն եւ «Ինչու՞ է դավադրապաշտական տեսությունների տարածումը բարոյապես սխալ» թեմայով իր գիտական հոդվածը։ Դասախոսությունները նախատեսված են եղել համալսարանի ուսանողների, իսկ գիտական թեմայի քննարկումը՝ համալսարանին կից Հուվերի գիտական կենտրոնի անձնակազմի համար։

Սա ՃԿՊԱ դասախոսի երկրորդ այցն էր Լյուվեն։ Նպատակն էր ստեղծել կրթական ու գիտական տարածություն, սերտացնել համագործակցությունը երկրների միջեւ։ Լեւոն Բաբաջանյանի հաղորդմամբ՝ իր հրավերով աշնանը Հայաստան կժամանի քաղաքական փիլիսոփայության ոլորտում հայտնի բելգիացի մասնագետ, որը երկու շաբաթ կդասախոսի Երեւանի պետական համալսարանում։

«Շարժունության ծրագրերին մասնակցելը շատ կարեւոր է․ դա ճանաչում է բերում գիտնականին, նպաստում նրա մասնագիտական աճին։ Ցանկալի կլինի, որ մեր համալսարանները դասախոսների համար արտերկրում փորձի փոխանակման պարտադիր բաղադրիչ ունենան։ Նման այցերը բարձրացնում են աշխատանքի եւ նյութի մատուցման որակը»,- համոզված է ՃԿՊԱ դասախոսը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ