Գլխավոր Վերլուծություն Փրկվել է 25 քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են լողասեզոնը

Փրկվել է 25 քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են լողասեզոնը

1467
Տարածել

Ամառային լողասեզոնն ավարտվեց, բայց դեռ շարունակվում է զբոսաշրջիկների մեծ հոսքը դեպի Սեւանա լիճ։ Հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը կշարունակի ուժեղացված հերթապահությունը հանրային լողափերում։

Օգոստոսին ջոկատն արձագանքել է 19 ջրափրկարարական կանչի՝ 14-ը՝ հանրային, 5-ը՝ այլ լողափերում։ Ջրահեղձվել է 2 մարդ։ Ջրափրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ փրկվել է 25 հոգի։

Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ գրեթե ութ օր որոնողական աշխատանքներ են տարել Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի հարակից լողափերում՝ ջրահեղձվածին գտնելու համար։ Այնինչ քաղաքացին հայտնաբերվել է ենթադրյալ վայրից 22 կմ հեռավորության վրա։

Հիմնական կանչերը եղել են մոտորանավակների խափանվելու, քամու, լողանշաններն անցնելու պատճառով հետդարձի անհնարինության վերաբերյալ։ Խոսելով նոր սպորտային ուղղությունից՝ սապբորդինգից, Արմեն Ճզմաչյանը նկատում է, որ այս սպորտաձեւը հաճախ ալեկոծվող Սեւանա լճի համար հարմար չէ։ Ափից 50 մետր հեռանալուն պես սապը կարող է դառնալ վտանգավոր, հատկապես եթե փչովի է, ոչ թե՝ փայտից։ Նախորդ ամիս նման դեպք ունեցել են։ Հարկավոր է զգույշ լինել ու ափից շատ չհեռանալ։

Ջոկատը, բացի հանրային լողափերից, ողջ լողասեզոնի ընթացքում հերթապահել է նաեւ 12 այլ տեղանքում, մասնավորապես՝ սպորտային միջոցառման մասնակիցների, Սեւանա թերակղզու հարավային հատվածում աննախադեպ թվով հանգստացողների, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ այլն։

Առաջիկայում՝ սեպտեմբերի 4-ին, կկայանա Savage of Sevan տրիաթլոնի առաջնությունը, որի անվտանգությունը կազմակերպիչները վստահել են իրենց հավատարիմ գործընկերներին՝ Սեւանի ջրափրկարարներին։ Նախատեսվում է 1,9 կմ լող, 90 կմ հեծանվավազք եւ 21,1 կմ վազք։

Մանրամասների մասին կտեղեկացնենք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ