Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝  Արագածոտնի մարզում

Վարժանքներ՝  Արագածոտնի մարզում

2084
Տարածել

Համայնքներում եւ ուսումնական հաստատություններում կազմակերպվող ուսումնավարժությունների արդյունավետությունն այսօր ակնհայտ է։ Դպրոցականները ոչ միայն տեսականում ու գործնականում ամրապնդում են իրենց գիտելիքը, այլեւ ձեռք բերում արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ կարեւոր հատկանիշներ՝ արագ կողմնորոշում ու փոխօգնություն։ Համայնքային մակարդակում վարժանքներն օգնում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարբեր գերատեսչությունների միջեւ համագործակցությանը։

Շաբաթվա ընթացքում Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքում մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն անցկացրել են «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք՝ Էլեկտրական շչակի գործարկմամբ։

«Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ են կայացել Բյուրականի, Անտառուտի, Ծիլքարի , Լեռնապարի, Ուշիի, Արտաշավանի, Գեղարոտի Եւ Ջամշլուի միջնակարգ դպրոցներում։ Դասախոսությունները կարդացել են մարզային վարչության Բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Արման Ճաղարյանը, ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գեւորգ Ավագյանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վիգեն Հարությունյանը եւ համակարգչային օպերատոր, փ/ծ ավագ սերժանտ Վեներա Պապանյանը: Որոշ դպրոցներում վարժանքներին մասնակցել են նաեւ ջոկատի հրամանատարները:

Մասնագետների խոսքով՝ հանդիպումներն անցնում են ինտերակտիվ, ցուցադրվում է երկրաշարժի մասին պատմող տեսանյութ, որին հաջորդում է թեմատիկ վարժանք: Հիմնական թերությունները, որոնք արձանագրվում են համայնքներում, շչակների ոչ բավարար ձայնածածկույթը կամ մշտական տեղակայման վայր չունենալն է, նկուղների աղտոտվածությունը, արտակարգ իրավիճակների վերաբերյալ բնակիչների ոչ լիարժեք իրազեկվածությունը, երբեմն նույնիսկ՝ անտարբերությունը: ՏԻՄ-երի հետ հանդիպումները եւ բնակիչների հետ համատեղ քննարկումները օրակարգային են դառնում: Կան ուսումնական հաստատությունների շենքեր, որոնք գտնվում են վատ վիճակում եւ պիտի լինեն ուշադրության կենտրոնում:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ