Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մեկնարկել է INSARAG-ի նախավարժանքը

Մեկնարկել է INSARAG-ի նախավարժանքը

2366
Տարածել

Ապրիլի 25-28-ը անցկացվելու է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի վերաորակավորման նախավարժանքը՝ վարժանքի գլխավոր փորձը: Վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 2-ին եւ 3-ին:

Նախավարժանքը եւ վարժանքը կգնահատի Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության՝ ՇԶՀԳ (The Swiss Agency for Development and Cooperation SDC) պատվիրակությունը. ՇԶՀԳ հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխոր, ՇԶՀԳ հումանիտար աջակցության լոգիստիկայի բաժնից Գերման Վալտեր, ՇԶՀԳ հումանիտար աջակցության հատուկ փրկարարական խմբի անդամ, Շվեյցարական զինուժի (փրկարարական զորքերի) գլխավոր շտաբի գնդապետ Ալեսսիո Մարացցա, ՇԶՀԳ հումանիտար աջակցության հատուկ փրկարարական խմբի անդամ, Շվեյցարական զինուժի (փրկարարական զորքերի) մայոր Ֆաբիեն Վալտերիո:

Այսօր շվեյցարիացի փորձագետները հանդիպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին: Հանդիպման մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Վաղն առավոտյան կսկսվի վարժանքը:

Վարժանքի սցենարի համաձայն, պայմանական Սոմարիա երկրում երկրաշարժ է գրանցվել, տուժած երկիրը միջազգային մարդասիրական օգնություն է խնդրել, Հայաստանը արձագանքողներից մեկն է: Ժամանելով Սոմարիա, հայ փրկարարները կապ են հաստատում աղետների կառավարման տեղական պատասխանատուների, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ճամբար բացազատում եւ անցնում որոնողափրկարարական աշխատանքների երկու տեղամասում՝ 14 եւ 9 հարկանի շենքերում, որտեղ կան տուժածներ:

Ողջ վարժանքը տեւելու է 36 ժամ:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում ձեւավերվել են ներքին՝ ազգային որակավորում ունեցող ՔՈՓ թիմեր:

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ