Գլխավոր Վերլուծություն Հինգ մարզի ութ համայնքում գնահատվում է կլիմայական ռիսկը

Հինգ մարզի ութ համայնքում գնահատվում է կլիմայական ռիսկը

252
Տարածել

Այս տարվա հունիսից մեկնարկել է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների նախաձեռնությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Նպատակն է Հայաստանի 8 խոշորացված համայնքի 99 բնակավայրում կատարել ուսումնասիրություններ՝ «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ, հավաքել տվյալների բազա։

ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ նախապատրաստական փուլում ծրագրային թիմն արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ հանդիպում-քննարկում է ունեցել շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներկայացրել ծրագիրը։ Կազմակերպվել են նաեւ հանդիպումներ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզպետարանների, Գորիսի, Վայքի, Տեղի, Իջեւանի, Ստեփանավանի, Լոռի Բերդի, Գյուլագարակի ու Անիի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։

Եռօրյա դասընթացի շրջանակում վերապատրաստվել են թիրախային համայնքներում ձեւավորված տեղական թիմերը՝ 5 թիմ, յուրաքանչյուրում՝ 4 ներկայացուցիչ։ Մասնակիցները ծանոթացել են տվյալների հավաքագրման գործիքակազմին, դրանց թվայնացման ձեւաչափերին, լրացման սկզբունքներին եւ այլն:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը փորձագիտական խումբը Գորիս եւ Վայք համայնքներում էր։ «Փորձագիտական ու տեղական թիմերը միասին իրականացրել են ուղղակի դիտարկում, քարտեզագրել համայնքին սպառնացող վտանգները, առկա կարողությունները եւ խոցելի տարրերը, լրացրել պատմական եւ սեզոնային օրացույցները: Եղել են նաեւ քննարկումներ մի շարք ֆոկուս խմբերում՝ ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, կրթություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա եւ այլն»,- մանրամասնեց Վահան Հարությունյանը։

Այս շրջանում տեղական թիմերը կատարում են զանգվածային հարցումներ թե՛ բնակչության, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հավաքագրված տեղեկատվությունը մշակման փուլում է։ Ծրագիրը կավարտվի 2023 թվականին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամը