Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ աշխատակիցների հաջողությունները հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնում

ԱԻՆ աշխատակիցների հաջողությունները հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնում

1826
Տարածել

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Գյումրիում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը, որին մասնակցում էին Երեւանից եւ մարզերից ժամանած ավելի քան 80 մարզիկ։ Նրանք հանդես եկան 7 մարզաձեւում՝ ծանրամարտ, լող, սայլակներով բասկետբոլ, բոչա, շախմատ, թենիս եւ սայլակներով վազք։ Փառատոնն անցկացվում էր ՀՀ Ազգային պարալիմպիկ կոմիտեի եւ Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ելույթ ունեցան նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ Գոհար Նավասարդյանը, Գրետա Վարդանյանը, Մեհրի Մանուկյանը, Սեւակ Մխիթարյանը, Հովհաննես Խզմալյանը, Հրաչյա Մանուկյանը, Նուբար Կիրակոսյանը, Սարգիս Միրիբյանն ու Հարություն Մխիթարյանը։ Փառատոնի խաղերի կազմակերպչական հարցերը վստահված էին Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանին։
Ծանրամարտում արդյունքները հետեւյալն էին․ Սարգիս Միրիբյան՝ 1-ին, Հարություն Մխիթարյան՝ 1-ին, Գրետա Վարդանյան՝ 1-ին եւ Մեհրի Մանուկյան՝ 3-րդ հորիզոնականներ։ Անվասայլակով բասկետբոլում Հովհաննես Խզմալյանն ու Սեւակ Մխիթարյանը զբաղեցրին 2-րդ, Հրաչյա Մանուկյանը՝ 3-րդ հորիզոնականը։ Սեղանի թենիս մարզաձեւում առաջատարը Նուբար Կիրակոսյանն էր։ Գոհար Նավասարդյանն այս տարի ընդգրկված էր փառատոնի աշխատակազմում։
Դպրոցական տարիներից թենիսը եղել է Նուբար Կիրակոսյանի տարերքը։ 30 տարի առաջ հաշմանդամություն ձեռք բերելուց հետո իր ուժերը շատ մարզաձեւերում է փորձել, սակայն նշում է՝ թենիսը հոգեհարազատ է․ այստեղ բախտի հարց չկա, ամեն ինչ կախված է քեզնից։ Բացի դրանից՝ էսթետիկ սպորտ է։ 30 տարվա մեջ թենիսում ընդամենը մի քանի պարտություն է ունեցել։ Նուբարն առաջինն է, որ Հայկական կարմիր խաչի ընկերության օգնությամբ անվասայլակով բասկետբոլի թիմ ստեղծեց, իսկ այժմ ԱԻՆ բասկետբոլի թիմի հիմնական խաղացողներից է։ Ասում է՝ եթե թենիսում դու մենակ ես, ապա բասկետբոլում թիմն է քո թիկունքը։ Թիմի դեպքում պարտությունն ավելի ծանր է տանում։
Խաղերի կազմակերպիչ Գրետա Վարդանյանի խոսքով՝ այս տարի մրցաշարին բավականին շատ նորեկներ կան։ Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիան մրցումներում հաղթած լավագույն մարզիկներից արդեն հիմնական թիմ է հավաքում՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին ընդառաջ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են մասնակիցները