Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 369 կանչի են արձագանքել

Փրկարարները 369 կանչի են արձագանքել

173
Տարածել

Դեկտեմբերի 19-25-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 369 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 52 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 169 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի, Կենտրոն, Աջափնյակ, Նոր նորք վարչական շրջաններում, Արմավիրում, Արարատում, Շիրակում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 53 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 53 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը առեւտրի օբյեկտներում», «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում անձնակազմի եւ հարակից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը», «Տագնապ եւ հավաք», «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բազմահարկ շենքում», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: