Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 103 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 103 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

132
Տարածել

Դեկտեմբերի 19-26-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային առավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ:

Կենցաղային կանչերը 13-ն են՝ այդ թվում՝ 5 դեպքում փրկարարները բացել են խափանված փականով դուռ, 3 դեպքում՝ քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից, 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Շաբաթվա ընթացքում թունավորման վերաբերյալ 4 հաղորդում է գրանցվել: Դեպքերի հիմնական պատճառ է հանդիսացել խոհանոցում կամ լոգասենյակում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազը: ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով, հետեւել անվտանգության կանոններին:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական եւ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել է 103 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երեւան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

ԱԻ պետական ծառայությունը համակարգված աշխատանք է իրականացնում Հանրապետության ողջ տարածքում՝ ուղղված բնակչության անվտանգությանը: Օգնության եւ փրկության հեռախոսահամարներն են՝ 911, 101, 112, 047 94-09-11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն