Գլխավոր Վերլուծություն «Լեռնային պատրաստություն»․ Վերապատրաստում Ռուսաստանում

«Լեռնային պատրաստություն»․ Վերապատրաստում Ռուսաստանում

1698
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  հունիսի 20-ից հուլիսի 13-ը Ռուսաստանի դաշնության Հյուսիսային Օսիայի հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում անցկացվել է «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչեւ 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 12 հայ փրկարար ծառայող՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Գեւորգ Դավթյանը, լեռնափրկարար–դեսանտ, փ/ծ ենթասպա Անդրանիկ Գալստյանը, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արամ Հակոբյանը, լեռնափրկարար–դեսանտ, փ/ծ ենթասպա Մարինե Սլոյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Դավիթ Նուրիջանյանը, Կապանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Հովհաննես Օհանջանյանը, Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Աշոտ Մազմանյանը, Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Դավիթ Կիրակոսյանը, Տավուշի ՄՓՎ Իջեւանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Սեւադա Մովսեսյանը, Շիրակի ՄՓՎ Գյումրու թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Դավիթ Քոչարյանը, Տավուշի ՄՓՎ Դիլիջանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Հովհաննես Ասլանյանը եւ Շիրակի ՄՓՎ Գյումրու թիվ 1 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ կրտսեր սերժանտ Տիգրան Գեւորգյանը։

Դասընթացի թեմաներն էին լեռնամագլցումը, տուժածների պատգարակումը, բարձունքների մագլցումն ու վայրէջքը։

Խմբի ղեկավար, փ/ծ կապիտան Գեւորգ Դավթյանի խոսքով՝ փրկարարները հաղթահարել են տարբեր բարդության 5 բարձունք: Տեղ-տեղ մագլցել են, քայլել, աշխատել պարաններով։ «Նվաճել» են 3500 մետր բարձրությամբ լեռան գագաթը։ Վտանգավոր իրավիճակներ էլ են եղել․ Վլադիկավկազի լեռները խոր իջվածքներ ու կտրվածքներ ունեն, եւ միայն բարձունքից ներքեւ նայելը վախ է առաջացնում։ Սակայն թիմային աշխատանքի եւ անվտանգության կանոնները ճիշտ պահպանելու շնորհիվ բոլորն անփորձանք վերադարձել են բազա։

Նկատում եմ՝ վերջին տարիներին արտասահմանյան գործուղումներին կին-փրկարարներ քիչ են ներգրավվում։ Գեւորգը հպարտանում է՝ իր կոլեգան՝ Մարինե Սլոյանը, բոլորին հավասար մագլցել է ժայռերն ու ցույց տվել իսկական պրոֆեսիոնալիզմ։

«Ցեյ» ուսումնամարզական կենտրոնը պարբերաբար հյուրընկալում է տարբեր խմբերի։ Զբոսաշրջիկները տեղի լեռները բարձրանալու համար կենտրոնից են թույլտվություն ստանում։ Գեւորգի խոսքով՝ փրկարարական հմտությունների եւ գույքի առումով շատ տարբերություններ չկան՝ բացի ժայռամագլման համար նախատեսված կոշիկներից, որոնք շատ հարմարավետ են։ Ցանկալի է, որ հայ լեռնափրկարարներն էլ դրանցից ունենան։

Դասընթացի ավարտին 11 փրկարար ստացել է ՌԴ 3-րդ կարգի լեռնագնացի, մեկը՝ լեռնագնացի որակավորում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները