Գլխավոր Վերլուծություն 2022 թվականին ՌՀՄԱԿ օգնությամբ կկազմակերպվի վերապատրաստման 14 դասընթաց

2022 թվականին ՌՀՄԱԿ օգնությամբ կկազմակերպվի վերապատրաստման 14 դասընթաց

212
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ղեկավարությունը հաստատել է ՌՀՄԱԿ-ի միջոցով 2022 թվականին կազմակերպվելիք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասերի պլանը: Ըստ դրա, կկազմակերպվի 14 դասընթաց. 11-ը՝ ՌՀՄԱԿ-ում, երկուսը՝ Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում եւ Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնում: «Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով դասընթացը կկազմակերպվի Կարմիր խաչի հայկական կոմիտեի հետ համատեղ մարզերում: Դասընթացներին կմասնակցի ավելի քան 200 մարդ:

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» կազմակերպվող դասընթացները կվարեն կենտրոնի մասնագետները, Ռուսաստանի ոլորտային ուսումնական հաստատությունների մասնագետները՝ հակահրդեհային պետական ծառայության Մոսկվայի ակադեմիայից, հակահրդեհային պետական ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարանից, Խիմկի քաղաքի «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայից»:

Վերապատրաստման թեմաներն են. «Աշխատանք բարձրությունների վրա, պարանային համակարգերի կիրառմամբ», «Լեռնային պատրաստություն», «Մետրոպոլիտենում եւ ստորգետնյա կառույցներում խոշոր հրդեհների մարման մեթոդները», «Պայթյունավտանգ նյութերի պահեստում հրդեհաշիջման մեթոդներ», «Որոնողափրկարարական աշխատանքներ փլատակներում», «Կինոլոգիական հաշվարկների նախապատրաստում», «Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների տեխնոլոգիաներ» եւ այլն: