Գլխավոր Նորություններ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՔ ԱՐՋԻ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՔ ԱՐՋԻ

1055
Տարածել

Աշնանն արջերը հաճախ են թողնում իրենց ապրելավայրերը և մտնում բնակավայրեր: Ու թեև արջերի համար կերի բավականին պաշար կա անտառում,  բայց նրանք գերադասում են բնակավայրերը, որտեղ կեր գտնելն ավելի հեշտ է: Բնապահպանները կարծում են, որ այդ հարցում իրենց մեղավորությունն ունեն նաև մարդիկ, որոնք սննդի մնացորդները թողնում են բնակավայրերի հարևանությամբ: Ի՞նչ անել, երբ հանդիպել ես արջի:

Ըստ Nat-geo.ru կայքի՝ Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի  ԱԻՆ-ի մասնագետները  թողարկել են արջերի հարձակումներից խուսափելու և պաշտպանվելու հատուկ առաջարկություններ: Ահա դրանցից մի քանիսը:

Առաջին հերթին պետք է հիշել, որ արջերը նախընտրում են բուսական կերը, նրանց համար համեղ ուտելիք են նաև կենդանիները, բայց՝ ոչ մարդը: Եթե արջը հարձակվում է մարդու վրա, ապա դա կենդանու սթրեսի արդյունք է: Արջին ամենևին հաճելի չէ, երբ նրան հանկարծակիի են բերում: Վախը, անսպասելի արտակարգ իրավիճակին արձագանքը ագրեսիան է և հարձակումը:

Հետևաբար, անտառում մարդը պետք է բարձրաձայնի իր ներկայության մասին: Անտառում երեխաներին պետք է միշտ տեսադաշտում պահել: Խորհուրդ չի տրվում անտառ տանել չվարժեցված շների, քանի որ նրանք, արջերից վախենալով և փախչելով, գազազած արջին բերում են մարդկանց մոտ: Անտառում պետք  է զբոսնել հնարավորինս բաց և ընդարձակ տարածքում և միայն ցերեկային ժամերին:  Կարիք չկա ձուկ որսալ այնտեղ, որտեղ արջերն են նախընտրում որսի դուրս գալ: Չափազանց կարևոր է անտառում ուտելիքի մնացորդներ չթողնելը: Արջերն իրենց սուր հոտառությամբ հողի տակից էլ գտնում են դրանք:

Արջին հեռվից տեսնելիս պետք է հնարավորինս զգույշ ու դանդաղ նահանջել՝ առանց նրան մեջքով շրջվելու, կորչել արջի տեսադաշտից: Իսկ եթե արջի հետ հանդիպում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, ապա կենդանուն պետք է վախեցնել զանգակի, մետաղական իրերի զնգոցով, գոռալով, ոտքերը գետնին ուժգին դոփելով: Եղել են դեպքեր, երբ հաջողվել է արջին վախեցնել բջջային հեռախոսի բարձր երաժշտության շնորհիվ: Իսկ եթե հարկ կա արջին կրակոցով վախեցնել, ապա չպետք է կրակել ուղիղ նրա վրա, վիրավոր արջն առավել վտանգավոր է դառնում:

Իսկ հիմա ամենալավ խորհուրդը՝ պետք է խուսափել արջի հետ հանդիպումից, քանի որ մոտակայքում անպայման մեկ այլ արջ է թափառում:

 

Պատրաստեց Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ