Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 4-ամյա տղայի ձեռքը դուրս են բերել մսաղացից

Փրկարարները 4-ամյա տղայի ձեռքը դուրս են բերել մսաղացից

2424
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 378 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 75 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ ահազանգ:

Փրկարարները 147 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Դավիթաշեն վարչական շրջաններում, Կոտայքում, Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում 14 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր պատճառներով արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացում», «Հայկական ատոմակայանի միջուկային եւ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդա­յին տագնապ» ազդանշանի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը ուսումնական հաստատությունում ծագած հրդեհի դեպքում», «Օդա­յին տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են րականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում:

Այլ կանչեր. Փրկարարները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ, տուժածին «Արաբկիր» բժշկական կենտրոնից պետք է տե­ղափոխեն իրենց ԲԿ, ձեռքը մսաղացից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյո­ւնը։ Փրկարաները 4-ամյա տղայի ձեռքը դուրս են բերել մսաղացից: