Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շարունակվում է զինամթերքի ոչնչացման աշխատանքը․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Շարունակվում է զինամթերքի ոչնչացման աշխատանքը․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3320
Տարածել

Հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 778 զանգ։

Հրդեհի 18 դեպքերից 14-ը բռնկվել է չոր խոտածածկերում, 3-ը՝ աղբանոցում եւ աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 4 կանչ է ստացվել. մեկական՝ Ստեփանակերտում եւ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, երկուսը՝ Մարտունու շրջանում: Տուժել է 2 քաղաքացի, նրանց առողջական վիճակը բավարար է:

Կենցաղային բնույթի 35 կանչ է ստացվել: Գրանցվել է դուռ փակվելու 13 եւ վերելակի խափանման 2 դեպք։ Փրկարարները շարունակում են խմելու եւ առօրյա օգտագործման համար ջուր մատակարարել համայնքների բնակիչներին։ Անցած շաբաթ երեք համայնք է սպասարկվել:

Օձի հայտնաբերման վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ սողունները հայտնվում են թե՛ բնակելի շինություններում, թե՛ տնամերձ հողամասերում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրել են ականազերծման եւ հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 5, ավիացիոն 2 եւ գնդիկաբեկորային 3 ռումբ, ականանետի մեկ ական, 6 պայթուցիչ:

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակում են Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ։ Պատերազմից հետո մինչ օրս տարհանվել է 1580 աճյուն:

Արցախում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Բերքի կորուստից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բերքահավաքի շրջանում ցուցաբերել զգոնություն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն