Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 453 կանչի են արձագանքել

Փրկարարները 453 կանչի են արձագանքել

1835
Տարածել

Փետրվարի 21-27-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 453 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 165 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 151 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Նոր նորք, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջաններում, Արարատում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 24 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 50 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Առատ ձյան եւ մերկասառույցի հետեւանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մարզադպրոցում», «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պատսպարման իրականացումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: