Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

629
Տարածել

Երեք առնետ մեկ բնակարանում

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանների և Լոռու ու Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 3 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Արամ Խաչատրյան փողոցի բակերից մեկում ավտոմեքենան բարձրացել է պատնեշի վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները ավտոմեքենան հանել են պատնեշի վրայից: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մինաս Ավետիսյան փողոցում քաղաքացին բարձրացել է տան տանիք, վնասել է ձեռքը և չի կարողանում ինքնուրույն իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 44-ամյա տղամարդուն իջեցրել են տանիքից: Կոտայքի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, թե Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի մի բնակարանում առնետ է նկատվել: Հրշեջ-փրկարարները բնակարանի խոհանոցից բռնել են երեք առնետ և տեղափոխել անվտանգ տարածք: Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում քաղաքացին ընկել է 3 մետր խորությամբ փոսը: Հրշեջ-փրկարարները 27-ամյա երիտասարդին դուրս են բերել փոսից: