Գլխավոր Վերլուծություն COVID-19-ը աղետների դեմ պայքարի հարցում միջազգային համերաշխության փորձություն է

COVID-19-ը աղետների դեմ պայքարի հարցում միջազգային համերաշխության փորձություն է

3079
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ եվրոպական եւ ասիական ավելի քան 30 երկիր տեսակապի միջոցով քննարկել են COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները:

«Փորձի եւ ռազմավարության փոխանակում COVID-19-ի արձագանքման, հաղթահարման եւ կայունության նպատակով» խորագրով քննարկման ժամանակ արձանագրվել է, որ պետք է ամեն ինչ անել ապագայում նման հնարավոր համաճարակների ռիսկը կանխատեսելու, արագ արձագանքելու, երկրների ազգային եւ համայնքային կարողությունները հզորացնելու նպատակով: Սա վերաբերում է նաեւ COVID-19-ի ենթադրյալ երկրորդ ալիքին:

Ըստ փորձագետների, COVID-19 վարակի եւ ընդհանրապես ցանկացած ռիսկի կանխարգելումը կյանքեր է փրկում: Իսկ կանխարգելման համար պետք է ունենալ ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ ու մեխանիզմներ, ռիսկերին արձագանքելու գործելաոճից անցնել դիմակայուն համայնք եւ երկիր ձեւավորելուն:

Քննարկման ժամանակ նշվել է, որ փորձի փոխանակումը կօգնի երկրներին աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման իրենց ռազմավարություններում անդրադառնալ նաեւ հարեւան երկրում կամ տարածաշրջանում առկա այն ռիսկերին, որ կարող են համաճարակի պատճառ դառնալ:

«COVID-19-ը աղետների դեմ պայքարի հարցում միջազգային համերաշխության փորձություն է: Մենք պարզապես չենք կարող ձախողվել: Անհրաժեշտ է, որ աշխատենք միասին, սովորենք միմյանցից եւ համակարգենք ջանքերը: Համաճարակը կարող ենք հաղթահարել միայն համատեղ ջանքերով», — ասել է առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, դոկտոր Հանս Անրի Պ. Կլուգեն: