Գլխավոր Վերլուծություն Վանաձորցի փրկարարը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Վանաձորցի փրկարարը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

3452
Տարածել

Մայիսի 22-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացավ Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր փաուերլիֆտինգի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր, ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը։ Նա 90-100 կգ քաշային կարգում 625 կգ արդյունքով դարձավ հաղթող եւ ռեկորդակիր թե՛ եռամարտի արդյունքով, թե՛ կքանիստ վարժությունում։ 270 կգ բարձրացնելով՝ փորձառու մարզիկը կքանիստ վարժությունում գերազանցեց իր քաշային կարգի բոլոր մասնակիցներին։ Զորիկը վերհիշում է՝ ինչպես վարժությունը կատարելիս ամրագոտին հանկարծակի պոկվեց, սակայն դա իրեն չխանգարեց սկսածն ավարտին հասցնել։

Այս տարի կորոնավիրուսսի պատճառով առաջնությանը մասնակցում էր 10 երկիր։ Հայաստանը ներկայացրեց 14 մարզիկ, արդյունքում՝ 9-10 ոսկե մեդալ եւ այլ մրցանակային տեղեր բոլոր տարիքային խմբերում։ Թիմային հաշվարկով եւ մեդալների քանակով Հայաստանի հավաքականը՝ սպորտի վարպետ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ, դարձավ առաջատարը։

Ներկաների աչքից չէր վրիպել Զորիկի մարզաշապիկը, որի վրա պատկերված էր 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի Լիպարիտ Չիլինգարյանը։ «Սպորտում քարոզչությունն արգելված է, սակայն Ուժային մարզաձեւերի միջազգային միության նախագահը թույլատրեց ինձ այդ մարզաշապիկով մրցահարթակ դուրս գալ։ Բոլորը տեղյակ էին պատերազմից, հարցեր էին տալիս։ Հայերը, որոնք եկել էին մեզ ոգեւորելու, լալիս էին հուզմունքից։ Հաղթանակս նվիրեցի ընկերոջս որդուն՝ Լիպարիտին, եւ բոլոր նահատակվածներին։ Մեզ հիմա հաղթանակներ շատ են պետք, դրա համար ջանք ու եռանդ չպիտի խնայենք»,- նշում է Զորիկը։

Առաջնությունից հետո հայ մարզիկներին հյուրընկալել են հայ համայնքի ներկայացուցիչները, միասին շրջել են վերակառուցվող հայկական եկեղեցու տարածքում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Զորիկ Պողոսյանը

Հ.Գ. Զորիկ Պողոսյանի մարզական այլ հաջողությունների մասին կարդացեք.

Փրկարար մարզիկի ռեկորդները՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներին

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ

Փրկարար մարզիկը նոր ռեկորդ է սահմանել

Մեր մարզիկները աշխարհի երկու ռեկորդ են սահմանել

Հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն