Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 66 մեքենա

Արգելափակումից հանվել է 66 մեքենա

2219
Տարածել

Փետրվարի 7-13-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 406 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 84 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 135 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Նոր նորք, Ավան, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Արմավիրում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 66 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 122 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում», «Օդային տագնապ» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ «Հրդեհի բռնկում ՋԷԿ-ի բլոկային մասում ԿՏԱ-2-ի 1-ին տուրբոագրեգատորի 2-րդ առաձգակալից ջրածնի արտահոսքի հետեւանքով» թեմայով հրդեհաշիջման մարտավարության պարապմունք: