Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են ծննդկանին

Փրկարարներն օգնել են ծննդկանին

2403
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 615 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 232 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ կանչ:

Փրկարարները 146 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափյակ, Արաբկիր, Ավան, Կենտրոն վարչական շրջաններում, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում:

Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 14 դեպքում: Արգելափակված 12 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 26 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի, Խոսրովի արգելանոց, Բյուրականի անտառի հանգստյան գոտիների մոտակայք եւ այլն:

Այլ կանչեր.

Երեւանի փրկարարական վարչության թիվ 15 հատուկ փրկարար ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Ասլանյանը Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում նկատել է, որ մեքենայում գտնվող հղի կնոջ ծննդաբերության գործընթացը սկսվել է, եւ մեքենան դժվարանում է շարունակել ընթացքը։  Փրկարարներն ուղեկցել են ավտոմեքենան մինչեւ «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոն:

Ահազանգ է ստացվել, որ Կասկադ համալիրի Թամանյանի արձանի մոտակայքում քաղաքացու մատն այտուցվել է, մատանին հնարավոր չէ հանել մատից: Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Աճառյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող խանութը մոտ 60 ք.մ ջրալցվել է չշահագործվող տարածքի սանհանգույցի խողովակի վնասվելու պատճառով: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են հանել մոտ 30 տ ջուր:

Վարդենիս – Քարվաճառ ավտոճանապարհին մոլորվել էին քաղաքացիներ: Հրշեջ-փրկարարները ցեխակույտում խցանված ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից եւ ուղղորդել դեպի Վարդենիս քաղաք:

Հրազդանի Սոլակ գյուղի «Մայրավանք» մատուռի մոտակայքում 15-ամյա քաղաքացին մոտ 20 մ բարձրությունից ընկել է եւ վնասել գլուխը: Տեղանքի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով, տուժածին մոտեցրել են շտապօգնության մեքենային, որտեղից նա հոսպիտալացվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

Տավուշի մարզի «Լաստիվեր» հանգստյան գոտում տարբեր օրերի գրանցվել է երկու պատահար: Քաղաքացիներն ընկել ու վնասել են վերջույթը: Իջեւանի հրշեջ-փրկարարները մոտ 500 մ ճանապարհը շարունակել են ոտքով, պատգարակով հասցրել տուժածներին շտապօգնության մեքենային եւ տեղափոխել Իջեւանի բուժկենտրոն: