Գլխավոր Վերլուծություն 14 ժամյա որոնումներ լճում եւ փրկված կյանք

14 ժամյա որոնումներ լճում եւ փրկված կյանք

2343
Տարածել

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության «911» ահազանգման կենտրոնը ստացել է Սևանա լճում  ձկնորսի մոլորվելու վերաբերյալ ահազանգ, որոնողափրկարարական աշխատանքները ձգվել են 14 ժամ։ Դեպքն առանձնահատուկ է նրանով, որ ձմռան նման ծանր պայմաններում տուժածի կյանքը փրկվել է։

Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ ահազանգը ստանալուն պես աշխատանքներին ներգրավվել են երկու մոտորանավակ եւ 5 ջրափրկարար։ Որոշվել է նավակներից մեկը բաց լիճ թողնել՝ կրճատելով ջոկատից Կարճաղբյուր ընկած ճանապարհը, որտեղից վերջին անգամ հեռախոսակապ է հաստատվել տուժածի հետ։ Մյուս մոտորանավակը մոտ 115 կմ քարշակումով տեղափոխվել է Արծվանիստ գյուղի հարակից լողափ, որի տարածքում ի վերջո հայտնաբերվել է քաղաքացին։

Տեղումների եւ վատ տեսանելիության պատճառով բաց լճում որոնողական աշխատանք կատարող մոտորոնավակը խափանվել է Նորատուսի անտառային հատվածում, ջոկատի հրամանատարը ստիպված է եղել արհեստավորի կանչել։ Այնուհետեւ Գավառի եւ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, լողափից լուսային ազդանշան տալով եւ անվադող այրելով, մոտորանավակին ցույց են տվել նախանշված վայրը։

«Ձյունը չէր դադարում, դիմապակուն մոտ 3 սմ հաստությամբ սառույց էր «կապել»։ Մթության պատճառով ճանապարհը չէր երեւում, զգոնություն էր պետք, որ տեխնիկան ինչ-որ բանի չբախվի։ Մեզ միացան տուժածի հարազատները, նավակ ունեցող կարճաղբյուրցիներ։ Մեկ կիլոմետր քշում էինք ու ձայն տալիս։ Վերջապես քաղաքացին արձագանքեց․ ցրտահարված էր ու հուսահատ»,- պատմեց Արմեն Ճզմաչյանը։

Փրկարարները նրան ցուցաբերել են համապատասխան օգնություն։ Հրամանատարը նկատեց՝ GPS տեղորոշման հնարավորություն չունեցող քաղաքացու հեռախոսի պատճառով որոնողական աշխատանքը երկարաձգվել էր։ Նման դեպքերում ամենաարդյունավետը ջերմային սենսորով դրոնը կարող է լինել։ Ձկնորսի բախտը բերել է, որ ձնառատ եղանակը քամիով չի ուղեկցվել։

Ինչեւէ, վատագույնն անցյալում է, եւ դա միայն փրկարարների թիմային աշխատանքի արդյունքն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ