Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցվել

2661
Տարածել

Դեկտեմբերի 9-15-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 14-ին Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շորժա, Դրախտիկ եւ Արտանիշ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ճամբարակ, Սեւան եւ Գավառ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Հաղարծին ու Գանձաքար գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իջեւան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Աբովյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ՝

· Դեկտեմբերի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 9-ին. Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 11-ին. Իրանի Խոյ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 12-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 36 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ, Չալդրան քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Թելավի քաղաքից 30 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 13-ին Իրանի Խոյ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 9-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոշիմա պրեֆետուրայի Կագոշիմա քաղաքից 261 կմ դեպի հարավ-արեւմուտք: Դեկտեմբերի 12-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Մաքքուորի կղզու տարածքում, գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ։ Դեկտեմբերի 14-ին 7.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ֆլորես կղզու հյուսիս-արեւելքում` Մաումերե քաղաքից 109 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ