Գլխավոր Միջոցառումներ Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված միջազգային վարժանք եւ գիտաժողով

Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված միջազգային վարժանք եւ գիտաժողով

672
Տարածել

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Երեւանում եւ Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվեցին Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ․ Երեւանում՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը․ սեյսմակայունության ժամանակակից տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողով, իսկ ՌՀՄԱԿ-ում՝ «Որոնողափրկարարական աշխատանքները երկրաշարժի ժամանակ» միջազգային ցուցադրական վարժանք։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի խոսքով, ֆորումի ժամանակ քննարկվել են Սպիտակի երկրաշարժից քաղված դասերը։ Սպիտակի երկրաշարժից հետո աշխարհում վերանայվել են սեյսմակայունության մոտեցումները, պետք է հստակ իմանաս՝ ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ աղետները եւ ինչպես դիմակայել դրանց։ Իսկ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացված վարժանքը, ըստ Արմեն Փամբուխչյանի, նպատակ ուներ փորձարկել կենտրոնի ամբողջ տեխնիկան եւ ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակը։

Բացի Արմեն Փամբուխչյանից, վարժանքին հետեւում էին նաեւ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարությունը, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ։

Վարժանքին մասնակցում էին Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի փրկարարները ռուս-հայկական, ռուս-սերբական մարդասիրական արձագանքման կենտրոնների մասնագետները, Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորները։ Վարժանքի սցենարի համաձայն, երկրաշարժից կան փլուզումներ, գազի եւ ջրի արտահոսք, հրդեհ, ջրալցված նկուղ, արգելափակված քաղաքացիներ, պայթյունից առաջացած մեծ փոսում հայտնված մեքենա, որում արգելափակված մարդ կա։ Որոնողափրկարարական աշխատանքները հստակ բաժանված էին։ Օրինակ՝ Իրանից ժամանել էին լեռնափրկարարներ ու աշխատում էին այն հատվածում, որտեղ ալպինիստական հմտություններ են պետք, իսկ սերբերը եւ հայկական կարմիր խաչի ընկերությունը բժշկական օգնությունն էին կազմակերպել։ Աշխատում էր ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» կինոլոգիական խումբը, գործարկվել էր տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։ ԱԹՍ-ները դեպքի վայրից տեղեկությունները իրական ժամանակում հաղորդում էին շտաբ, սա հնարավորություն էր տալիս անհրաժեշտության դեպքում փոփոխություններ մտցնել փրկարարական աշխատանքներում։ Բոլոր աշխատանքներն արվեցին ժամանակին եւ բարձր մակարդակով։

Վարժանքից հետո լրագրողների հետ զրույցում, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինն ասաց․ «վարժանքը ցույց տվեց, թե ինչպես կարող է զարգանալ ողբերգությունը, իսկ վարժանքի մասնակից փրկարարները ցույց տվեցին, թե ինչպես կարող են արագ արձագանքել եւ կյանքեր փրկել։ Ակնառու ձեւով ցույց տրվեց, թե ինչպես հմուտ գործողություններով նվազագույնի հասցնել կորուստները։ Կուզենայի, որ փրկարարներն իրենց գիտելիքներն օգտագործեն միայն վարժանքի ժամանակ, ոչ մի աղետ չլիներ։ Բայց սովորել պետք է, հենց այդ նպատակին է ծառայում «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը»։ Առաջին անգամը չէ, որ այստեղ վարժանք է կազմակերպվում, կենտրոնի ղեկավարությունը տեղում չի կանգնում, կատարելագործվում են թե տեխնիկան, թե սցենարները։ ՌՀՄԱԿ-ը հագեցած է ամենաժամանակակից տեխնիկայով՝ հրշեջ-փրկարարական եւ վթարա-վերականգնողական մեքենաներ, ԱԹՍ-ներ, կվադրոցիկլներ եւ այլն, մշտապես կազմակերպվում են կենտրոնի եւ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ուսուցում։ Կրկնեմ՝ Աստված տա, որ փրկարարներն այս գիտելիքները կյանքում կիրառելու առիթ չունենան»։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ․Գ․ Արմեն Փամբուխչյանի եւ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ անցկացվել է ՌՀՄԱԿ վարչության նիստ, հաստատվել է 2022 թվականի բյուջեն եւ գործողությունների ծրագիրը։