Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 364 կանչի են արձագանքել եւ մասնակցել համապետական ծառատունկին

Փրկարարները 364 կանչի են արձագանքել եւ մասնակցել համապետական ծառատունկին

216
Տարածել

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 364 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 66 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 148 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր նորք, Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Սյունիքում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 7 ահազանգ է ստացվել: 6 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 5 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Ուսումնական հաստատությունում բռնկված հրդեհի հրդեհաշիջման, տարհանման միջոցառումների կազմակերպում, իրականացում եւ առաջին օգնության ցուցաբերում վնասվածքներ ստացած աշակերտներին», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը հրդեհավտանգ օբյեկտում», «Բնակ­չու­թյան ազդարարում, տարհանում եւ պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Նոյեմբերի 5-ին անցկացվեց համապետական ծառատունկ, ողջ հանրապետությունում 130 հեկտար տարածքում տնկվեց 451 հազար տնկանյութ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ փրկարարները: