Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 347 կանչի են արձագանքել

Փրկարարները 347 կանչի են արձագանքել

2833
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 347 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 63 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 149 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր նորք վարչական շրջաններում, Արմավիրում, Տավուշում, Արարատում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Ի՞նչ է երկրաշարժը: Վարվելակերպի կանոնները երկրաշարժից առաջ, հետո եւ երկրաշարժի ժամանակ», «Տարածաշրջանին բնորոշ աղետներ», «Բնական եւ տեխնածին աղետներ, քաղաքացիական պաշտպանության կառավառումը, սկզբունքները, ձեւերը, հիմնական եւ նախապատրաստական միջոցառումները, քաղաքացիական պաշտպանության ազդանշանները» եւ այլ թեմաներով դասընթացներ եւ «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման իրականացում», «Տարհանում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում», «Բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում», «Նաիրիտ գործարանի» կաուչուկի արտադրության 1-21 արտադրամասի հրդեհաշիջման կազմակերպումը», «Հրդեհի մարումը Հայաստանի ազգային արխիվի շենքում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը կարի արտադրամասում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: