Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ, ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆ

ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ, ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆ

870
Տարածել

Ինչպես խուսափել գարնանային հրդեհներից

Հրդեհների առաջացման պատճառները շատ են և բազմապիսի, սկսած կայծակներից և պայթյուններից, վերջացրած էլեկտրական լարերի կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով և կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով: Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների, իսկ երբեմն էլ` մարդկային զոհերի և վնասվածքների:

Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները: Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում մարդիկ սովոր են հավաքված խոտի, ճյուղերի մնացորդները ոչ թե հեռացնել այգուց կամ դաշտից, այլ հենց տեղում այրել: Ոչ ոք չի փորձում պնդել, թե միջավայրի խնամքը, մաքրությունը` սանիտարական վիճակը, կարևոր չէ, սակայն այդ ամենը կարելի է անել անվտանգ և թույլատրելի ձևերով: Հրդեհի առաջացման վտանգն է՛լ ավելի է աճում, երբ դաշտն ու այգին գարնան աշխատանքներին նախապատրաստելու ժամանակ հավաքված աղբը տեղում այրելուց հետո մարդիկ անխռով հեռանում են՝ մինչև վերջ չմարած կրակը թողնելով գարնանային քամու և երեխաների քմահաճույքին: Հենց այսպես է կրակը հսկողությունից դուրս գալիս, անարգել տարածվում՝ ընդհուպ մոտենալով բնակելի հատվածին, իրական սպառնալիք ստեղծում:

Անցանկալի դեպքերից խուսափելու համար Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն առաջարկում է չոր խոտի, տերևների, ճյուղերի մնացորդների ոչնչացման համար շինություններից, անտառային զանգվածներից անվտանգ հեռավորության վրա առանձնացված տեղեր հատկացնել, այրման ամբողջ ընթացքը հսկողության տակ առնել, վերջում կրակի մնացորդները ջրով հովացնել-հանգցնել, կրակից մնացած ողջ մոխիրը ծածկել հողի բարակ շերտով: Իսկ քամիների ժամանակ ընդհանրապես հրաժարվել աղբը այրելու մտքից:

Սպառնալիքի իրական մեծությունը բացահայտելու համար ներկայացնենք մի դեպք, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Եղեգնաձորի Արենի գյուղում: Գյուղացիներից մեկն իր հողամասի եղեգնի չորուկները վերացնելու նպատակով դրանք այրում է: Ժամանակի ընթացքում կրակն աննկատ տարածվելով շրջապատում է գյուղացուն` փակելով ելքի բոլոր ուղիները: Նույնիսկ համագյուղացիները, որ հասնում են օգնության, ոչ մի կերպ չեն կարողանում մի քանի ժամ առաջ իր հողամասը մաքրելու հանգիստ աշխատանքով զբաղված գյուղացուն հանել կրակի ճիրաններից:

Կամ՝ տարիներ առաջ Դիլիջանում 30 հեկտարից ավելի տարածք էր այրվել, քանի որ գյուղացիներից մեկն անփութորեն քամու քմահաճույքին էր հանձնել հողագործական աշխատանքների ժամանակ հավաքված աղբը: Նման դեպքեր գրանցվել են նաև Իջևանում, Նոյեմբերյանում, Եղվարդում, Արտաշատում, Վեդիում:

Հրդեհային անվտանգության կանոններն իմանալու պարագայում կարելի է խուսափել նման անցանկալի ու վտանգավոր դեպքերից: Զգուշություն, աչալրջություն, իմացություն ու կխուսափենք և՛ հրդեհներից, և՛ դրանց պատճառած վնասներից:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն