Գլխավոր Նորություններ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

1013
Տարածել

Արտակարգ իրավիճակներում և ճգնաժամերի ժամանակ ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանն աջակցելու, փրկարարների պատրաստվածության բարձրացմանն ու կարողությունների հզորացմանն օժանդակելու հարցերում Հայաստան-ԱՄՆ Կանզաս նահանգ համագործակցությունը սկսվել է 14 տարի առաջ՝ 2003 թվականին: ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը բազմիցս եղել է Հայաստանում՝ մի անգամ Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Կոլիերի գլխավորությամբ, հիմնականում Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ Լի Տաֆանելի գլխավորությամբ: Այս օրերին կրկին Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը՝  Լի Թաֆանելիի գլխավորությամբ: Ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:

Հանդիպումների ժամանակ քննակվում են տարբեր հարցեր. շինությունների ինժեներական աջակցություն, սեյսմիկ պաշտպանություն, «911» ծառայության կատարելագործում, երիտասարդ մասնագետների վերապատրաստում, տեխնիկական օգնություն, նաև համատեղ վարժանքներ են իրականացվել: Այս տարվա հուլիսի 18-28-ը Կանզասի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետները Հայաստանում առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացներ են անցկացրել, իսկ հուլիսի 27-ին և 28-ին Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վարժահրապարակում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործնական պարապմունքների «Լուսակերտ» բազայում հայ-ամերիկյան համատեղ վարժանքներ են անցկացվել, որոնց ներկա են եղել Դավիթ Տոնոյանն ու Լի Թաֆանելին:

Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը պատրաստակամ է համագործակցել և իր փորձով օգնել Հայաստանին նաև համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման, աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման հարցերում: