Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կամավոր ջոկատներ․ «Հատիս»

Կամավոր ջոկատներ․ «Հատիս»

883
Տարածել

1981 թվականին Երեւանի բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Մարտին Մարտիրոսյանի եւ մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Հատիս» լեռնագնացների ակումբը, որի հիման վրա 2000 թվականին կազմավորվեց համանուն բժշկափրկարարական խումբ՝ 20 անդամով։ Մեկ տարի անց այն ընդգրկվեց Արտակարգ իրավիճակների վարչության կազմում՝ որպես Երեւանի Կենտրոն համայնքի տարածքային փրկարարական ստորաբաժանում, որը գործում էր հասարակական հիմունքներով։ «Տղաներից 6-ը Փրկարարների պատրաստման եվրոպական դպրոցից էին․ նրանք բժիշկներին փրկարարություն սովորեցրին։ Բացի այդ՝ վերապատրաստում անցանք Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատում։ Այդ տարիներին ԱԻ վարչությունը լեռնափրկարարական խմբեր չուներ․ «Հատիսն» առաջինն էր։ Բուհի ռեկտորի եւ փրկարար ծառայության տնօրենի համագործակցությամբ քննություն հանձնեցինք, փրկարարի որակավորում ստացանք։ Գույք ձեռք բերեցինք պետական աջակցությամբ եւ նվիրատվություններով»,- վերհիշում է ակումբի հիմնադիր, սպորտի վարպետ Մարտին Մարտիրոսյանը։

Իր գործունեության ընթացքում կամավոր ջոկատը բազմաթիվ դեպքերի արձագանքեց, մարդկային կյանքեր փրկեց։ Շատերն են հիշում 2000-ականներին Արա եւ Հատիս լեռների տարածքում եզդի երեխայի եւ արշավականների մոլորվելու պատմությունները, որոնց որոնողական աշխատանքները «Հատիսի» լեռնափրկարարներն են իրականացրել։ Մարտին Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ թեեւ 2008 թվականից ջոկատն այլեւս փրկարար ծառայության կազմում չէ եւ միայն զբոսաշրջային տուրեր է կազմակերպում, սակայն ջոկատի նախկին անդամներն ապրում են «բնության մեջ քայլողի» եւ փրկարարի հոգեբանությամբ՝ ամեն պահի պատրաստ օգնության ձեռք մեկնելու։ Ապացույցը նախորդ տարվա սկզբին Արա լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքն էր․ տուժածներին հայտնաբերողների «առաջնագծում» հատիսականներն էին։

Ջոկատի երեւելի անցյալի մասին լավագույնս պատմում են համալսարանում ցուցադրվող լուսանկարները՝ 2002 թվականին Մեղրիից Երեւան 17-օրյա ճանաչողական քայլարշավը՝ լի արկածներով եւ աշխարհագրական նոր բացահայտումներով, 2005 թվականին բազմամարտի հանրապետական փրկարարական մրցաշարում բժշկափրկարարական «Հատիս» խմբի հաղթանակն ու միակ տուգանային միավորը՝ տուժածին սխալ պատգարակելու պատճառով, նույն տարում Արագածի շուրջ միասնության շուրջպարն ու լեռան չորս գագաթին ջահերի տեղադրումը, երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ռուսական «Դավաճանները» (Сволочи) ֆիլմի նկարահանումները, որում հատիսականները կրկնօրիակողների դերում էին:

Այսօր «Հատիս» ջոկատի նախկին անդամներն անվանի բժիշկներ եւ լեռնային ուղեկցորդներ են։ Ռուբեն Կիրակոսյանը նշում է՝ բժշկական գիտելիք ունեցող մասնագետին զբոսաշրջիկներն ավելի են վստահում։ Հատիսականների՝ տարիներով կոփված սովորությունները չեն փոխվել․ յուրաքանչյուրի ուսապարկում դեղատուփի համար պարտադիր տեղ կա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Հատիս» ջոկատի արխիվից

«Սպիտակ» կամավոր ջոկատ