Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 5

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 5

4331
Տարածել

2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։ Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

«Հայ զինվորը մինչեւ վերջ տարել է իր կռիվը»

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Պողոս Հակոբյանը պատերազմի առաջին օրվանից կապել էր պայուսակն ու պատրաստվել ռազմաճակատ մեկնելու։ Երկար տարիներ «Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավարն էր, ապա՝ «Լեռնային հրաձիգներ» ռազմամարզական ակումբի անդամ։ «Հրաձիգների մեր ջոկատը մեկնել էր Մատաղիս, ես էլ կամավորագրվեցի արտակարգ իրավիճակների նախարարության գումարտակին։ Մարզից 15 հոգի էինք։ Երկու խոստում էինք տվել իրար՝ կյանքի գնով պատերազմական գոտուց դուրս բերել զոհված կամ վիրավոր ընկերներին, իսկ գերի ընկնելու դեպքում՝ նռնակի ձգանը քաշել»,- նշում է Պողոսը։

Մարտավարական պարապմունքներից հետո մեկնել էին Արցախ, գիշերային ժամի հասել Խաչմաչ գյուղ։ Հաջորդ օրվանից սկսվել էր հերթապահությունը։ Դիրքավորվելուց հետո հայտնվել էին հակառակորդի հրետանու ակտիվ կրակի տակ․ գումարտակի հրամանատարի արագ կողմնորոշման շնորհիվ կարողացել էին վերադասավորվել։ Պողոսի խոսքով՝ 20 օրվա ընթացքում բոլորն իրար նեցուկ են եղել, գոտեպնդել-գոտեպնդվել։ Քանի անքուն ու անձրեւոտ գիշերներ են եղել, բայց ոչ ոք չի տրտնջացել։ «Նման անհավասարաչափ ուժերով պատերազմ երեւի աշխարհում չի եղել։ Մեր մեկ զինվորին 20 հոգի էր բաժին ընկնում։ 44 օր կռվել ենք 8 պետության դեմ։ Ես տեսել եմ՝ ինչպես է մեր հրետանին աշխատում, ինչպես է թշնամու գլխին «դհոլ» նվագում։ Հայ զինվորը չի պարտվել, նա մինչեւ վերջ տարել է իր կռիվը»,- նշում է փրկարարը։

Պատերազմից մնացին լավ ընկերներ ու տաք հիշողություններ՝ լուծվող սուրճի մասին գովազդային հոլովակը, կապի մասնագետ Կառլենի հետ հետախուզական «օպերացիան», գյումրեցի ընկերոջից թռցրած հողաթափերը, նկուղներից մեկում գտած արկղերով օղին, որով զինվորները լվացել էին իրենց հագուստը, Խաչմաչում մոլորված ավանակը, որի զռռոցով կանխատեսում էին հրետանու հերթական կրակոցը։ Այստեղ էլ լոռեցու հումորն անպակաս էր. Պողոսն մի ճիպոտ էր գտել ու հայտարարել, թե Քաջ Նազարն է։

Շատ բան փոխեց պատերազմը։ Երիտասարդը վստահ է՝ միայն միասնականությամբ, զինվորական գործին, քարեզագիտությանն ու մեր աշխարհագրությանը լավ տիրապետելով՝ կարող ենք հետագայում հաղթանակ տանել։

«Պատերազմում պիտի չդադարես հավատալ, որ ապրելու ես»

«Մայրս ծնունդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է, քեռիներս, որոնց տունն այսօր թշնամուն է անցել, Արցախյան ազատամարտի հերոսներ են։ 1996 թվականին ես ծառայում էի Արցախի երրորդ պաշտպանական շրջանում։ Այս հողն ինձ միշտ հարազատ է եղել, եւ պատերազմի առաջին օրվանից ջոկատիս հրամանատարին խնդրել եմ, որ ինձ ուղարկեն այնտեղ»,- ասում է Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Հայկ Գրիգորյանը։

Ամենադժվարն ընտանիքին իր որոշման մասին հաղորդելն էր։ Երկար զրույցից հետո մայրը վերջապես խաղաղվել էր ու օրհնել որդու ճանապարհը։ Դուստրը՝ վեցամյա Սիլվան, հորը կտորեղեն էր տվել ու «հրահանգել», որ իր տանկը մաքուր պահի։ Մինչեւ մեկնելը Հայկը հանդիպել էր քրոջը, ում զավակն այդ օրերին հրետանավոր էր, ասել, որ պատրաստ լինի ամեն ինչի․ «Պատերազմի ժամանակ փլավ չեն բաժանում։ Ամեն վայրկյան վտանգ կա։ Օրերով կարող ես սոված ու թրջված մնալ, ճակատագրով քեզ համար պահված բեկորը կամ փամփուշտը, միեւնույն է, տեղ կհասնի։ Բայց պիտի չդադարես հավատալ, որ ապրելու ես»։

Արցախում անցկացրած 20 օրվա ընթացքում հասցրել է ճանաչել գրեթե բոլորին։ Միասին կիսել են մի կտոր հացը, կարիք ունեցողին տրամադրել սեփական տաք հագուստը։ Խրամատից սկսվել է մի մեծ, «փրկարարական» ընկերություն։

Կրակոցները դադարելուն պես առօրյա կյանքը վերականգնվում էր, դիրքերից իջնում էին Սարուշեն գյուղ՝ հագուստ փոխելու, հանգստանալու։ Հայկը հիշում է՝ մի օր գյուղում մառախուղ էր կապել, գիշերային ժամին շրջելը ցանկալի չէր։ Հանկարծ ոտնաձայներ էր լսել, մի քանի անգամ հարցրել գաղտնաբառը, բայց մնացել անպատասխան։ Թաքնվել էր պատի հետեւում, զենքն առել ձեռքը։ Այ քեզ զավեշտ․ պարզվել էր՝ ավանակ է։ Առավոտյան սուրճ խմելիս սկսել էր խրատել կենդանուն, թե․ «Գաղտնաբառն ի՞նչ է՝ չես սովորում»։

Հրադադարից հետո տունդարձի ճանապարհը չի մոռանում։ Արցախի բնությունը, որն իր տեսակով անկրկնելի է, մնում էր սահմանի հակառակ կողմում։ «Ցավալի է, երբ խրամատում կանգնած ես, իսկ դիմացիդ հակառակորդը հաղթանակ է տոնում։ Ոնց որ ուժեղ մարզիկը զգա, որ պարտվում է։ Պատերազմը լավ դաս էր, որ մենք ավելի պինդ դառնանք։ Արտագաղթը լուծում չէ․ պիտի մնանք ու շենացնենք մեր երկիրը»,- ամփոփում է փրկարարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Կարդացեք նաեւ.

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 4

Պատերազմը վերհանեց փրկարարի եզակի խիզախությունը