Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

3475
Տարածել

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։

Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

«Ազգ-բանակ» գաղափարով հաղթելու ենք

Երեւանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ահարոն Ղազարյանը պատերազմի օրերին դասակի հրամանատար էր։ Թե ինչու որոշեց ռազմադաշտ մեկնել, հարցին փրկարարի պատասխանը մեկն է․ «Կարիքը կար՝ գնացի։ Պետք չէ այդ քայլի համար առանձնացնել որեւէ մեկի։ Մենք ուզում էինք ապրել հպարտ ու արժանապատիվ, ուրեմն պիտի՛ գնայինք»։

Իր ենթակայության տակ 23 փրկարար ծառայող է ունեցել։ Ասում է՝ պատերազմի դաշտում վախերն «արգելված» են, դրանք խանգարում են։ Միակ մտահոգությունը տղաների անվտանգությունն էր, այդ պատճառով անընդհատ հիշեցնում էր, որ նույնիսկ կարճ ժամկետով սաղավարտն ու զրահաբաճկոնը չհանեն։ Դժվարություններ եղել են․ «ո՞ր մի տղամարդու համար չէ դժվարությունը»։  Կարեւորը բոլորը մարտական էին, կարողացան հարմարվել իրավիճակին ու զոհ չգնալ։ Ընտանիքների հետ երկար խոսել չէր հաջողվում, ամեն մեկն ապրում էր խրամատի ընկերոջ կյանքով, ընկերոջ համար։ Հարաբերական հանգստի ժամանակ հիշում էին հատկապես հարազատ Երեւանը, որն այնքան հիշողություններ է իր մեջ պահում։ Որոշել էին վերադառնալ ու իրար գլխի հավաքվել։

Հրամանատարը մատնացույց է անում մեր պատմության դժվարին ժամանակներն ու վստահեցնում, որ դեռ կլինեն հաղթանակներ։ Պիտի կրկին համախմբվենք «ազգ-բանակ» գաղափարի շուրջ ու հաղթենք։

«Մեր զինվորը կռվող զինվոր է»

Երեւանի փրկարարական վարչության թիվ 10 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սարգսյանի համար սա երկրորդ պատերազմն էր։ Նախկին զինվորականն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Օմարի լեռներում է եղել։ Ասում է՝ այս երկու պատերազմներն անհամեմատելի են։ Երկարատեւ մարտական գործողությունները հյուծում են մարդուն։ Կարող ես 1-2 օր ընդհանրապես չքնել, հետո կորցնում ես զգոնությունդ։ Այդ է պատճառը, որ ԱԻՆ գումարտակի հետ ռազմադաշտ մեկնելուց հետո ամեն գիշեր պտտվել է իրեն վստահված խրամատում, զրուցել տղաների հետ։ Դիրքի բարձրության պատճառով թանձր մառախուղ էր նստում, մնում էր ապավինել միայն լսողությանը։ «Երբ անձրեւ էր գալիս, լսողությունն էլ էինք կորցնում. ցանկացած մարդ կարող էր քայլել խրամատով։ Զգուշության համար անընդհատ կրկնում էի գաղտնաբառը, տղաներին էլ ստիպում նույնն անել»,- պատմում է դասակի հրամանատարը։

16 տարի զինվորական ծառայության մեջ կոփված փրկարարը վստահեցնում է՝ կարգապահության ու սկզբունքայնության շնորհիվ գումարտակը կարողացավ կատարել իր մարտական առաջադրանքը։ Ոչ մի րոպե խմբում խուճապ չի եղել, ոչ ոք չի տրտնջացել նույնիսկ անձրեւի եւ մինչեւ ծնկները հասնող ցեխի պայմաններում։ Մարտի առաջին օրերին, երբ դեռ տեղանքին լավ ծանոթ չէին, շատ է օգնել սահմանային գոտում բանակային ծառայություն անցած փրկարարների գրագիտությունը։ Դեռ Լուսակերտում նախապատրաստական պարապմունքների ժամանակ որոշել էին, որ բոլոր մարտական ընկերներով ողջ են մնալու։ Հանրապետության տարբեր ծայրերից հավաքված փրկարարները կարճ ժամանակում ծանոթացել էին ու մտերմացել, կիսել միմյանց վախերը։ Կարեն Սարգսյանը ժպիտով վերհիշում է․ «Բոլորս ներողամիտ էինք դարձել։ Մեկ օրը հերիք էր իրար ճանաչելու ու վստահելու համար, քանի որ կողքինդ քո մեջքը պահողն է։ Գիտեինք՝ ուր ենք գնացել: Հենց առաջին օրը հավաքեցինք հեռախոսները, հանեցինք մարտկոցները։ Անվտանգությունն առաջին պայմանն էր, պետք չէր հակառակորդին թերագնահատել։ Որպես զինվորական՝ չեմ թողել տղաներիս առանց հեռավորությունը հաշվարկելու կրակել, քանի որ եթե կրակում ես, պիտի պատրաստ լինես պատասխանի»։

Հրամանատարն ասում է՝ մեր զինվորը կռվող զինվոր է, ուրեմն չի՛ պարտվել։ Պատերազմը հարաբերական երեւույթ է․ եթե ունես միջոցներ ու պատրաստված զորք, կհաղթես։ Կարենի խոսքով՝ մեր հետագա անելիքը պիտի լինի համախմբվելը, սոցիալական ցանցերի ազդեցությունից ազատվելն ու հոգեկան կայունություն վերագտնելը։ Պիտի լինեն զորքին առաջնորդող սպաներ,  հայրենիքի շահը պիտի միշտ սեփականից բարձր լինի։

Արցախյան երկրորդ պատերազմից փրկարարի հիշողության մեջ վառ մնաց կարմիրգյուղցի պապի հայացքը, որն այդպես էլ չլքեց գյուղն ու հավատով սպասում էր իր բժիշկ որդու վերադարձին։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են փրկարարները: Կարդացեք նաեւ.

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-1