Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 4

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 4

3747
Տարածել

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։ Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

«Սաղավարտն ու զենքը քո փրկությունն են»

«Մենք համազգեստ կրող ենք, սահմանապահ, փրկարար-զինվորական։ Չինարի գյուղը երեք կողմից սահման է, այստեղ սովորական ավտոմատով կարող ես մեծ վնաս տալ, ինչպես 2008 թվականին, երբ մարդկային զոհեր ունեցանք։ Մեր խումբը միշտ կազմակերպված է եղել․ 2020-ի հուլիսյան կռվի ժամանակ մի մարդու պես եղել ենք գյուղում, արել, ինչ կարող ենք, օգնության գնացել զինվորներին եւ հայտնվել հակառակորդի անօդաչուի թիրախում։ Մեր պարտքն էր Արցախ գնալը»,- հպարտությամբ նշում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի խմբի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Մհեր Գրիգորյանը։

Պատմում է՝ Արցախի բնությունը Տավուշից շատ չէր տարբերվում, ամբողջ ճանապարհն իրար գոտեպնդելով ու հայրենասիրական երգեր երգելով են անցել։ Առաջին օրը հասել են Կարմիրգյուղ համայնք, ապա ոտքով գնացել Խաչմաչ։ Հրետանին անդադար ռմբակոծում էր, երկնքում անօդաչուներ էին․ զգուշանալ էր պետք։ Կատակով վերհիշում է՝ ինչպես գյուղապետերից մեկը, իրենց տեսնելով, բացականչել էր, որ դիրքն ազատագրելու եկած «հատուկ խումբն» է ժամանել։ Տղաները խոստացել էին «հայրիկին» հուսախաբ չանել։

Մինչեւ Խաչմաչ շարժվել էին իրարից բավական հեռավորության վրա, մթության մեջ ճամփեզրի գազատարի հետքը բռնած, քանի որ ցանկացած լուսավորություն թշնամու աչքից չէր վրիպի․ «Հինգ կիլոմետր քայլեցինք՝ զինամթերքով ու հագուկապով բեռնված․ նման փորձ ոչ մեկս չէր ունեցել, բայց ամեն ինչ հաջող ստացվեց։ Քողարկվելով հասանք գյուղ, նկուղներից մեկում իրար անունով կանչեցինք, հասկացանք, որ բոլորս տեղում ենք։ Օրը լուսացավ, սկսվեց հերթափոխը»։

Անկեղծանում է՝ եթե մեկը կպնդի, որ չի վախեցել, թերեւս կխաբի։ Բայց տղամարդկությունը վեր է ամեն դժվարությունից՝ լինի անձրեւ, ցեխ, անծանոթ տեղանք, թե այլ բան։ Երբ հասկանում ես՝ որտեղ ես գտնվում, որ սաղավարտը, զենքն ու չքնելը քո փրկությունն են, ամեն ինչի կարելի է դիմանալ։

Չինարիի խումբը մի քանի հենակետ է փոխել։ Մհերի խոսքով՝ խրամատում իմ ու քոնի բաժանում չկար, ամեն մեկին հասանելիք պարկով սնունդը դրվում էր ընդհանուր սեղանին։ Ինքը չէր ծխում, իր բաժին ծխախոտը տալիս էր ընկերներին։ 23–հոգանոց դասակում ոչ մի տարաձայնություն չեղավ։ Խրամատից սկիզբ առավ ամուր ընկերություն։ «Մեր դիրքում մի քանի շուն կար, մեկը՝ Արջուկը, արցախցի Մարատինն էր։ Խաղաղ ու ամեն չնչին բանից չհաչացող կենդանի։ Իր տունն անցել էր թշնամու տիրապետության տակ, մի քանի շաբաթ թափառելով՝ եկել, գտել էր տիրոջը։ Շներին միշտ կերակրում էինք, որ չգնան, մեզ մոտ մնան, որովհետեւ նրանք վտանգն ավելի սուր էին զգում»,- պատմում է օղակի հրամանատարը։

Ռազմադաշտում անցկացրած 20 օրվա ընթացքում երիտասարդ փրկարարին ուժ է տվել ծոցագրպանում խնամքով պահած փոքրիկ դստեր լուսանկարը։ «Կամանդի՛ր, օրը քանի՞ անգամ ես նկարին նայում» հարցին պատասխանը մեկն էր․ «Ինչքան ազատ ժամանակ ունենամ»։

Հրադադարի հաստատումից հետո, երբ գումարտակը տուն էր վերադառնում Քարվաճառով, մեծ էր ափսոսանքը, որ այդ հսկա սարերին ու բնությանը պիտի անարժանը տիրանա։ Մհերը վստահ է՝ խաղաղություն միայն զենքով կարող ես պարտադրել։ Պիտի անընդհատ զինվել, գնահատել ու տեղ տալ խելացի մասնագետներին, այնքան հզորանալ, որ ոչ ոք չհամարձավի հայի դեմ դուրս գալ։

«Բաց նամակ՝ փրկարարից»

Երեւանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Ազատ Գեւորգյանը պատերազմի սկզբից ընդգրկվել է մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին, այնուհետեւ կամավորագրվել ԱԻՆ գումարտակին։ Անկեղծանում է՝ իր ամբողջ կյանքը պայքար է եղել, սիրում է դժվարություններ, այդ է պատճառը, որ առանց երկմտելու որոշեց ռազմադաշտ գնալ։ «Ծնունդով Մրգաշատ գյուղից եմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, ծանր ֆիզիկական աշխատանքից երբեք չեմ խուսափում։ Դիրքերում անընդհատ իմ օգնությունն էի առաջարկում խրամատ փորելու հարցում։ Տղաներն ասում են՝ իմ խրամատներն ամենաամուր էին»,- ժպիտով հիշում է 30-ամյա Ազատը։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ է, 8 տարվա փրկարար ծառայող։ Ասում է՝ վերջին տարիներին լրացնում է բացթողածն ու կարդում հայրենասիրական վեպեր։ Այսօր՝ ավելի քան երբեւէ, Սամվելի, Դավիթ Բեկի, Գեւորգ Մարզպետունու եւ մյուսների պես հերոսներ են պետք՝ ոտքի կանգնելու ու լավատեսությամբ լցվելու։ Պատերազմի օրերից մնացած Ազատի նոթատետրը հիշեցում է, թե որտեղից է եկել հայը, եւ որն է նրա ճամփան։

«Բաց նամակ փրկարարից․

Մարտական դիրքերից ողջույններս եմ ուղղում մեր հայ ժողովրդին, սփյուռքին, բոլոր նրանց, ովքեր այս պահին գտնվում են առաջնագծում, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենց ներդրումն ունեն մեր երկրի անվտանգության հարցում։

Ես եւ իմ զինակից ընկերները, հանդիսանալով փրկարարներ, թողնելով փողակ ու փողրակ, վերցնելով զենք, շտապել ենք այստեղ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։ Ժողովրդի կողմից մեզ վստահված դիրքը պահում ենք անձնվիրաբար։

Ամեն օր ականատես ենք լինում հայկական բանակի փայլուն հաջողությանը, թշնամու յուրաքանչյուր սխալ արարք հանգեցնում է կորստի։ Ծնողը, ընկերը, բարեկամը՝ ոչ ոք չպիտի զղջա, որ մեզ ուղարկել է մարտի դաշտ՝ կռվելու, փոխարենը պիտի հպարտանա եւ լավատես լինի ապագայով։ Այստեղ ընկերն ընկերոջ համար պատրաստ է կյանք տալ․ ոչ ոք թող չկասկածի։

Ժամանակը ցույց է տալիս, որ հաղթանակի հասնում են միասնականությամբ։ Այսօր թշնամին մեզնից ուզում է մի բան, որն իրեն չի պատկանում։ Յուրաքանչյուր թափված արյան համար մենք պատասխանատու ենք, պիտի պահենք ամեն թիզ հողը։ Չենք պատրաստվում հանձնվել։

Մեր սահմանները նման են ամուր պատնեշի, եւ յուրաքանչյուրս այդ պատնեշի քարերն ենք։ Ամեն օր պատերի վրա նկատվում են փլուզված հատվածներ, ճաքեր․ պետք է դրանք նորերով փոխարինել։ Այդ քարերից մեկը դու ես, որը կարող է գալ, կանգնել համապատասխան տեղում ու պահել պատի ամրությունը։ Պատերից ներս մեր ծնողներն են, բալիկները, հարազատները։ Անդրանիկն ասում էր․ «Ամեն օր, երբ գլուխդ դնում ես բարձին, հարց տու՛ր ինքդ քեզ՝ ինչ ես արել այսօր ազգիդ համար»։ Քայլ անելու քո հերթն է։ Սպասում եմ քեզ այստեղ՝ հույսով, որ կգաս, ու կհաղթենք»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ ԶԻՆՎՈՐ։ Լուսանկարները տրամադրել են փրկարարները: Կարդացեք նաեւ.

Պատերազմը վերհանեց փրկարարի եզակի խիզախությունը

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3