Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

3826
Տարածել

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։

Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

«Երբ ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»

ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ոսկանյանը եղել է շտաբի կազմում, զբաղվել փրկարարների կրակային պատրաստության ուսուցմամբ, իսկ պատերազմական գոտում կատարել իրեն վերապահված խնդիրներն ու առաջադրանքները։ Ասում է՝ կյանքում սկզբունքներն ու գիտակցված ընտրությունը թույլ են տալիս հաղթահարել վախերն ու առաջ գնալ՝ առանց հետ նայելու։ Այդպես էլ կայացրել է պատերազմ գնալու որոշումը։

Գրեթե ամեն օր կրակոցներ են եղել, որոնց տակ փրկարարները նոր խրամատներ են փորել ու դիրքավորվել։ Չնայած դժվարություններին եւ անբարենպաստ եղանակին՝ գումարտակի բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր է եղել։ Դավիթի բնորոշմամբ՝ գաղտնիքը ենթակա անձնակազմի հոգեվիճակին հաղորդակցվելու մեջ է․ ամեն մեկին պիտի ընդունես որպես անհատ, մարդ, ծառայող, չթողնես, որ նրա մտածմունքները ընկճեն իրեն կամ կողքինին։ Ոչ միայն ղեկավարես, այլ ուժ տաս անձնակազմիդ, համախմբես։ «Պատերազմի օրերին համոզվեցինք Նժդեհի խոսքերում` երբ ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել։ Մենք մի բռունցք էինք դարձել, լցվել իրար հանդեպ սրտացավությամբ ու հոգատարությամբ։ Սահմանին կանգնած զինվորի կերպարն առանձնահատուկ արժեւորվեց»,- նշում է Դավիթը։

Նոր ընկերություն եւ մասնագիտական փորձ․ սա տվեց պատերազմը նախկին զինվորականին։ Համոզված է՝ ոտքի կանգնելու համար միայն հավատ, լավատեսություն ու զգոնություն է պետք․ պայքարը շարունակվում է, մենք դեռ չենք հանձնվել։ Ապագա հաղթանակի համար առաջին մոմը վառել է Արցախի Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի հնագույն Սուրբ Ստեփանոս եկեղեցում։

«Գնում ենք՝ վերադառնալու պայմանով»

«Պատասխանատվության առումով պատերազմ գնալը դժվար որոշում էր։ Պաշտպանության նախարարությունում աշխատանքի փորձ ունեի, մասնակցել էի միջազգային առաքելությունների, անցել տարբեր կուրսեր ու վերապատրաստումներ, եւ եկել էր իմ հերթը փրկարարներին մարտավարություն ու զենքի կիրառում սովորեցնելու։ Սկզբնական շրջանում ես ու ընկերս՝ Հարությունը, ամեն օր դիրքերում էինք․ արեցինք ամենն, ինչ հնարավոր էր։ Չնայած տղաների մարտական գիտելիքները բազային էին՝ հիմնված ժամկետային ծառայության վրա, սակայն պատերազմի ժամանակ նրանք բացարձակ խիզախություն ցուցաբերեցին, նույնիսկ որոշ դեպքերում մի կերպ էինք զսպում, որ անվտանգության սահմանը չանցնեն»,- ժպիտով վերհիշում է ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Գեւորգ Խունոյանը։

Մինչեւ ռազմադաշտ մեկնելը մի պայման էին դրել․ «Բոլորս գնում ենք, բոլորս՝ վերադառնում»։ Նախնական մարտական խնդրով նախանշված տարածքը պաշտպանելուց բացի՝ գումարտակն ապահովել էր դեպի Ստեփանակերտ տանող մայրուղու անվտանգությունը, իսկ նոյեմբերի 16-ին Պաշտպանության բանակին հանձնել անառիկ պահած երեք հայկական գյուղ։

Գեւորգի խոսքով՝ տեղի տղամարդիկ իրենց հետ հավասար խրամատ են փորել ու կռվել մինչեւ վերջին օրը։ Այդ ամենից հետո աննկարագրելի ուրախություն էր տեսնել՝ ինչպես են տարհանվածները երեխաների հետ տուն վերադառնում։ Նրանց դիմավորում էր Ասկերանի շրջանի քահանան՝ Գեւորգի եղբայրը։

Գյուղի վիճակի, պատերազմական գոտում ապրող մարդկային ճակատագրերի մասին երեք զավակի տեր փրկարարը պատմել էր ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթին․ «Ես նրանց ասացի, որ լինելով նախկին խաղաղապահ Աֆղանստանում եւ Լիբանանում՝ միշտ հավատացել եմ, որ պայքարում եմ ահաբեկիչների դեմ։ Բայց սեպտեմբերի 27-ից իմ ժողովրդի դեմ սկսված ահաբեկչական պատերազմը ցույց տվեց, որ միջազգային կառույցները լուռ են, աշխարհն է լուռ։ Հիմա՝ առավել քան երբեւէ, պետք է միասնական լինենք, դա կլինի մեր հաղթանակը, քանի որ սա ուղղակի մեկ ճակատամարտ էր»։

«Պատերազմը սովորեցրեց ճանաչել ինքդ քեզ»

ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստականության եւ ուսուցման կազմակերպման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Հարություն Ղազարյանը պատերազմի առաջին օրերից ընդգրկված է եղել հումանիտար օգնություն տեղափոխող խմբի մեջ։ Ժպիտով պատմում է՝ ինչպես է հատ-հատ լուսանկարել զինվորին ուղղված արկղերի միջի նամակները, հատկապես՝ դպրոցականներինը։ Դրանցում այնքան սեր ու ոգևորություն կար։

ԱԻՆ գումարտակի կազմում ռազմական գործողությունների մասնակցելիս զբաղվել է փրկարարների նախնական մարտական պատրաստության, ապա շտաբային մարտավարության հարցերով։ Դժվարություններ եղել են․ հարկավոր էր կարճ ժամանակում փրկարարական անձնակազմին հունի մեջ գցել, սովորեցնել կառուցել կացարաններ ու ընդունել այնպիսի որոշումներ, որ իր եւ ընկերների կյանքին վտանգ չսպառնա։ Հարությունի խոսքով՝ հենց թիմային աշխատանքի շնորհիվ մարդկային կորուստներ չունեցան։

Փրկարարի համար սա երկրորդ պատերազմն էր։ Չորս տարի առաջ, երբ բանակում պայմանագրային զինծառայող էր, Թալիշի ուղղությամբ դիտարկում կատարելիս ընկերների հետ հայտնվել էր հակառակորդի կրակահերթի տակ։ Այդ պայմաններում կարողացել էին վիրավորում ստացած իրենց ծառայակցին առաջին օգնություն ցուցաբերել, մոտ 300 մետր սողալով քարշ տալ նրան՝ դուրս բերելով չեզոք գոտուց։ Իր անձնվիրության համար Հարությունն արժանացել է «Ծովակալ Իսակով» հուշամեդալի։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորս մահվան էինք սպասում, բայց փրկվեցինք։ Այս անգամ էլ միակ միտքս այն էր, որ պատվով դուրս գամ ու գլուխս չկախեմ։ Պատերազմի դաշտում հասկանում ես, որ քո ամենամոտ մարդը կողքիդ կանգնած զինվորն է։ Երկուսդ ապրում եք իրար համար, պահում միմյանց թիկունքն ու կյանքը։ Պատերազմից հետո սկսում ես ապրածդ ավելի գնահատել, հետաքրքրիր բաներին ժամանակ տրամադրել, ամենակարեւորը՝ ճանաչել ինքդ քեզ էքստրեմալ իրավիճակում»,- անկեղծանում է Հարությունը։

Հայ ազգի զարգացման եւ հետագա հաղթանակների տեսլականը փրկարարի համար մեկն է՝ չփնտրել մեղավորներ, դասեր քաղել անցյալից ու շտկել սխալները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են փրկարարները